Լուրեր

Հուշ երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

12.06.2014

 Ձևավորված ավանդույթի համաձայն, արդեն յոթերորդ տարին անընդմեջ «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպում «Նարեկացի» արվեստի միությունում: Ծննդյան 63-րդ տարեդարձին նվիրված երեկոն այս անգամ մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմի դիտումով: Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, պետական-քաղաքական գործիչներ ու բազմաթիվ երևանցիներ: Վարչապետի մտերիմները հուշեր են պատմել Անդրանիկ Մարգարյանի մասին և ընդգծել, որ կազմակերպված միջոցառումն, ըստ էության, ևս մեկ առիթ է խոսելու մեծ հայրենասերի, ազգային ու պետական մտածողության տեր անհատի մասին, ում համար անչափ թանկ էր հայոց հողն ու երկիրը: Ներկաները նաև նկատել են, որ երիտասարդ սերունդն այսօր շատ բան ունի սովորելու ազգի մեծ նվիրյալից, ով հայրենասեր էր ի ծնե, ինչն ապացուցել է իր կյանքի ողջ ընթացքում: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ միջոցառման շրջանակում ընթերցվել է նաև Անդրանիկ Մարգարյանի այս տարվա համար ընտրված պատգամը՝ «Մի ժողովուրդ, որ կարող է հիշել ու բարձրացնել իր նախնիներին, ապրելու է հավերժ»:
Միջոցառման շրջանակում «Նարեկացի» արվեստի միության ներկայացուցիչները հուշանվերներ են հանձնել երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամներին:

← Վերադառնալ ցուցակին