Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավարի հետ

10.06.2014

 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 10-ին հանդիպեց Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինի հետ:

Արտակ Զաքարյանը գոհունակություն հայտնեց Ռուս համագործակցության ներկայացուցչության նախաձեռնությունների, Հայաստանում նրանց իրականացրած հումանիտար ծրագրերի համար եւ իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու այդ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Մարկ Կալինինի գնահատմամբ՝ աշխատանքի արդյունավետության համար ծրագրերը պետք է պահանջված լինեն, ուստի կարեւոր են նաեւ հայ խորհրդարանականների տեսակետներն ու առաջարկները: Նա տեղեկացրեց, որ ներկայացուցչությունը հաշվի է առնում միջազգային առաջավոր փորձը, առկա իրողությունները, երիտասարդության ձգտումները եւ աշխատում այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք կնպաստեն բուհական եւ դպրոցական ուսումնառությանը, մասնագիտական կարողությունների բացահայտմանը, մրցակցությանը, Ռուսաստանի ու Հայաստանի մշակութային եւ գիտական կապերի ամրապնդմանը, հայ եւ ռուս ուսանողների շփումներին, միջռեգիոնալ հումանիտար համագործակցությանը: Նա տեղեկացրեց, որ հունիսի 20-ին Ռուս համագործակցության ներկայացուցչությունը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպելու է բարձր տեխնոլոգիաներին վերաբերող ցուցահանդես, Ռուսաստանի եւ Հայաստանի գործադիր մարմինների շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվում է նաեւ «կլոր սեղան» միջոցառումը, եւ խնդրեց, որ խորհրդարանի ներկայացուցիչները նույնպես մասնակցեն այդ քննարկումներին:

Ընդունելով առաջարկը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ Ազգային ժողովը ողջունում է նման միջոցառումների անցկացումը եւ պատրաստակամ է ոչ միայն համագործակցել ներկայացուցչության հետ, այլեւ համատեղ ծրագրեր իրականացնել:

Որոշվեց առաջիկայում նորից հանդիպել՝ ավելի հանգամանորեն քննարկելու հեռանկարային համատեղ ծրագրերի իրականացման խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին