Լուրեր
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը խորհրդարանում
04.06.2014
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջանի երկրներ եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց հայ-շվեցարական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ խորացումը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրաատլանտյան եւ Եվրասիական տարածաշրջանում անվտանգությանը եւ համագործակցությանը նպաստ բերելու Շվեյցարիայի պատրաստակամությունը, որն արտահայտվում է նաեւ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության ստանձնմամբ:
ԱԺ նախագահը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ու միակ ձեւաչափ եւ վերահաստատեց հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի ցանկությունը: «Մենք դատապարտում ենք ԵԱՀԿ անդամ երկրի` Ադրբեջանի նախագահի օրերս արված ռազմատենչ հայտարարությունները, որոնք չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին»,-ասաց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը կարեւորեց Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արդյունավետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերը բարձր գնահատեց Հայաստանի եւ Շվեյցարիայի բարեկամական հարաբերությունները՝ գոհունակությամբ արձանագրելով, որ տարիների ընթացքում համագործակցությունը զարգանում եւ ամրապնդվում է: Նա կարեւոր համարեց Հայաստան-ԵԱՀԿ փոխգործակցությունը եւ շնորհակալություն հայտնեց աջակցության համար Շվեյցարիայի նախագահության ընթացքում: Կարեւորելով տարածաշրջանի անվտանգությունը եւ խաղաղությունը` նա ընդգծեց, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով եւ շեշտեց, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Նրա խոսքով` Շվեյցարիան պատրաստ է նպաստել հարցի խաղաղ կարգավորմանը ոչ միայն ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում, այլեւ դրանից հետո:
Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Դիդիե Բուրկհալտերը գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: