Լուրեր
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԴԻԴԻԵ ԲՈՒՐԿՀԱԼՏԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
04.06.2014
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորման և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նեղ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների առջև` ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունելու Երևանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Մենք քննարկեցինք հայ-շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին և փոխգործակցության խնդիրներին:
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել է համագործակցության բովանդակալից և ընդգրկուն օրակարգ. կայացել են նախագահական փոխայցեր, հիմնվել են դեսպանություններ, կառուցողական երկխոսություն է ծավալվել արտաքին գերատեսչությունների և խորհրդարանների միջև: Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար չափազանց կարևոր աջակցության ծրագրեր:
Դրական գնահատեցինք երկկողմ առևտրի վերջին տարիներին արձանագրվող կայուն աճը, ինչի շնորհիվ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան մեր 4-րդ առևտրային գործընկերն է: Մեր շահագրգռվածությունը հայտնեցի Հայաստանում շուրջ 40 շվեյցարական ընկերություններ ներառող գործարար համայնքի ընդլայնման հարցում՝ ողջունելով այս մայիսին Ցյուրիխում հայ-շվեյցարական գործարար համաժողովի անցկացումը և շվեյցարացի գործարարների առաջիկա այցը Հայաստանի Հանրապետություն:
Որպես հայ-շվեյցարական համագործակցության համեմատաբար նոր կարևոր հարթակ՝ մենք առանձնացրեցինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ նաև հաշվի առնելով, որ պարոն Նախագահը ժամանակին սերտ առնչություն է ունեցել այդ կազմակերպության հետ:
ԵԱՀԿ հարթությունում վերահաստատեցինք համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Մեկ անգամ ևս պարոն Բուրկհալտերին ասացի, որ Հայաստանը սատարելու է Շվեյցարիային ԵԱՀԿ-ում նախագահության բոլոր փուլերում: Մենք կարևորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ և ազնիվ միջնորդի հայտնի համբավը: Հավատացած ենք, որ Շվեյցարիայի նախագահությունը կանի առավելագույնը ԵԱՀԿ օրակարգի առաջմղման համար՝ անկեղծ և արդյունավետ երկխոսություն խթանելու, ԵԱՀԿ սկզբունքների պահպանմանը հետևելու և անդամ երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունը սատարելու միջոցով:
Մանրամասն անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ես վերահաստատեցի Հայաստանի ցանկությունն օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը: Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը: Ուժի կիրառման սպառնալիքները և զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումն է: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, և չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը: Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը: Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն Է:
Երկուստեք նշեցինք ԵԱՀԿ բոլոր կառույցների հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխհամագործակցությունը, և ես խնդրեցի ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցել հեղինակավոր այդ կառույցի մեր բոլոր գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակական խորացման հարցում:
Պարոն Նախագահին հայտնեցի մեր ժողովրդի երախտագիտությունը Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, համամարդկային արժեքներին նվիրվածության և դրանց խրախուսման գործում Շվեյցարիայի անկոտրում հանձնառության համար:
Արձանագրեցինք, որ Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությամբ կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Բոլոր դեպքերում, մենք, իհարկե, շնորհակալ ենք Շվեյցարիային այդ բարդ գործընթացի մեջ դերակատարություն ունենալու համար: Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում:
Այժմ ես սիրով խոսքը փոխանցում եմ Նախագահ Բուրկհալտերին: