Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ

02.06.2014

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցեց ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին: Դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահն ասաց.

«Հարգելի պարոն նախարար,

դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

Ողջունում եմ այս կարեւոր հանդիպման առիթով: Ավանդական դարձած այս հավաքն արդեն ապացուցել է իր կենսունակությունը եւ կարծում եմ, որ այս ձեւաչափն ապագայում եւս կնպաստի ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրների քննարկմանը եւ դրանց նպատակային ու համակարգված իրականացմանը:

Գաղտնիք չէ, որ օրենսդրական գործունեությանը զուգահեռ ՀՀ Ազգային ժողովը շարունակաբար իր նպաստն է բերում տարբեր ոլորտներում երկրի միջազգային համագործակցության խթանմանը: Ազգային ժողովը համապատասխան ձեւաչափով մասնակցում է արտաքին հարաբերություններին առնչվող գործընթացներին` ընդլայնելով միջխորհրդարանական կապերը, զարգացնելով հարաբերությունները տարբեր միջազգային կառույցների հետ, ներդաշնակեցնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, վավերացնելով երկկողմ ու բազմակողմ պայմանագրեր:

ՀՀ Ազգային ժողովը ակտիվ մասնակցություն ունի օտարերկրյա խորհրդարաններում եւ տարբեր միջազգային կառույցներում ՀՀ արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներին միջազգային հնչեղություն հաղորդելու գործում` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերում:

Այսօր մենք կարեւոր պատմական իրադարձության շեմին ենք` պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հանրության ուշադրությունը 2015 թ. սեւեռվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ մենք բոլորս մեր ուժերը պետք է համատեղենք Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացին: Մենք՝ խորհրդարանականներս, կանենք հնարավոր ամեն ինչ բոլոր միջազգային խորհրդարանական կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւս մեկ անգամ արծարծելու եւ ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված չարիք, դատապարտելու ուղղությամբ: ՀՀ Ազգային ժողովը կաջակցի նաեւ այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության դատապարտմանն ուղղված քննարկումների, համաժողովների կազմակերպմանը:

Ազգային ժողովն իր ուշադրության կենտրոնում է պահում նաեւ միջազգային կառույցներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումները: Ցանկանում եմ նշել, որ վերջին տարիների ընթացքում հիշյալ խնդիրները մեր խորհրդարանականների կողմից արդյունավետ կերպով ներկայացնելուն մեծապես նպաստել է ՀՀ ԱԳՆ-ի հետ իրականացված համատեղ աշխատանքը: Սակայն, հաշվի առնելով տնտեսական շահով թելադրված որոշ երկրների դիրքորոշումները մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ՝ միջազգային տարբեր կառույցների խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ ավելի սերտ, համակարգված եւ փոխլրացնող համագործակցություն ունենալը ժամանակի պարտադրանքն է:

Այս առումով մեծապես կարեւորում եմ ինչպես խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի միասնական եւ գործուն աշխատանքը, այնպես էլ խորհրդարանական պատվիրակությունների ու ԱԳՆ ներկայացուցիչների պարբերական խորհրդատվությունների անցկացումը:

Իմ խորին համոզմամբ՝ միջազգային ասպարեզում ՀՀ Ազգային ժողովը զգալի ներուժ ունի մեր երկրի արտաքին քաղաքականության ռազմավարության իրականացման գործում:

Այս առումով, կարեւորում եմ խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես միջպետական հարաբերությունների զարգացման հզոր գործոն:

ՀՀ պաշտոնական դիվանագիտությանը զուգահեռ` ՀՀ Ազգային ժողովը կարող է նաեւ առավել ազդեցիկ ու կառուցողական գործել հատկապես այն դեպքերում, երբ որոշ հանգամանքներից ելնելով սահմանափակված են գործադիր իշխանության հնարավորությունները: Բացի այդ, խորհրդարանը կապող օղակ է պաշտոնական դիվանագիտության ու հասարակության միջեւ:

Համոզված եմ, որ միայն համատեղ աշխատանքով կարող ենք բարձրացնել մեր պատվիրակությունների աշխատանքի արդյունավետությունը: Թեեւ ՀՀ ԱԳՆ-ի հետ այս ուղղությամբ համագործակցության հարցում առկա է զգալի առաջընթաց, սակայն դեռեւս շատ անելիքներ կան: Առաջարկում եմ ձեւավորել համապատասխան աշխատանքային խմբեր` Ազգային ժողովի եւ արտաքին գործերի նախարարության միջեւ համագործակցության մեխանիզմների մշակման ու այդ համագործակցությանն առավել ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու համար:

ՀՀ Ազգային ժողովը միջխորհրդարանական համագործակցության մեխանիզմների օգտագործման միջոցով կարող է մեծապես նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, միջպետական հարաբերությունների զարգացմանը: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ եւ համոզված ենք, որ համատեղ ու նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ մեզ կհաջողվի հասնել մեր ընդհանուր նպատակներին»:

Այնուհետեւ տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ միջպետական կապերի ամրապնդման եւ դիվանագիտական աշխատանքում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվեցին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը եւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

← Վերադառնալ ցուցակին