Լուրեր
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են քննարկել բյուջեի կատարողականը
31.05.2014
Մայիսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվեց 2013 թվականին ՀՀ պետական բյուջեից գյուղատնտեսության, բնապահպանության նախարարություններին եւ ջրային պետական կոմիտեին հատկացված միջոցների կատարողականը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային կոմիտեին հատկացված ծախսերի կատարման հաշվետվությունը եւ նշեց, որ հաշվետու տարում իրականացվել են նախատեսված բոլոր ծրագրերը:
ՀՀ գլխավոր գանձապետը տեղեկացրեց, որ 2013 թ.-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացրել է 19 ծրագիր՝ ապահովելով 92,52 տոկոս կատարողական եւ ծախսելով 11,9 միլիարդ դրամ: Սոցիալական փաթեթով նախատեսված գումարներն օգտագործվել են 75,3 տոկոսով: Նա նշեց, որ տնտեսումներ են արվել նախարարության պահպանման համար նախատեսված գումարներից:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաշվետու տարում իրականացրել է 7 ծրագիր՝ ծախսելով 1,2 միլիարդ դրամ: Այս ոլորտում նույնպես սոցիալական փաթեթի մասով տնտեսումներ կան:
ՀՀ գլխավոր գանձապետի տեղեկացմամբ՝ 2013 թ.-ին ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 29 ծրագիր՝ ապահովելով 97 տոկոս կատարողական եւ ծախսելով 2,4 միլիարդ դրամ:
2013 թ.-ին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն իր պարտավորությունները կատարել է 78,11 տոկոսով՝ իրականացնելով 27 ծրագիր եւ ծախսելով 32 միլիարդ դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց 2013 թ.-ին իրականացված՝ սերմնաբուծության, ազոտական պարարտանյութերի եւ դիզվառելիքի տրամադրման, գյուղական համայնքների ռեսուրսների մրցակցության, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրերը, որոնց իրագործման արդյունքում դրական տեղաշարժեր են գրանցվել: Նա նշեց, որ անասնաբուծության ոլորտում գրանցվել է 7,8 տոկոսի աճ, իսկ բուսաբուծության ոլորտում՝ 6,6 տոկոսի:
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, անդրադառնալով հաշվետու տարում իրականացվող ծրագրերի շարունակականությանը, նշեց, որ չնայած տարվա սակավաջրությանը՝ Արփա-Սեւան ջրատարի աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան: Նա անդրադարձավ նաեւ Սեւանա լճից իրականացվող ջրառին եւ դրա հետ կապված մտահոգություններին:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ օդի աղտոտման դեմ պայքարի ծրագրերին ուղղվել է շուրջ 129,4 միլիոն դրամ՝ 100 տոկոսով կատարելով տարեկան ծրագիրը, իսկ կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության դասի ծրագրերին՝ 3,1 միլիարդ դրամ՝ ապահովելով 102,1 տոկոս կատարողական: Շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի ծախսերը կազմել են նախատեսված 1,3 միլիարդի 95 տոկոսը:
Նույն օրը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին 2013 թվականին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այն հիմնական աշխատանքները, որ իրականացրել է նախարարությունը 2013 թվականին:
Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտի hատկացումները 2013 թվականին կազմել են 297.4 մլրդ դրամ՝ ապահովելով 98.6% կատարողական:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց հիմնական աշխատանքները, որ կատարվել են 2013-ին:
Հաշվետու տարում վատառողջության եւ անաշխատունակության խմբին տրամադրվել է 1.2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է՝ 99.1%: Ծերության դասի ծրագրերին հատկացվել է 200 մլրդ դրամ, կատարողականը՝ 99.8% , սպայական անձնակազմի ու նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների ծախսերը 19.1 մլրդ դրամ` 99.9%, շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման ծախսերը 1.1 մլրդ դրամ`99.5%, սոցիալական կենսաթոշակների ծախսերը կատարվել են 100%-ով Տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին պետական աջակցությունը կազմել է 1.4 մլրդ դրամ: Հարազատներին կորցրած անձիք խմբի շրջանակներում կատարված ծախսերը կազմել է 4.8 մլրդ դրամ, իսկ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը՝ 4.7 մլրդ:«Ընտանիքի անդամներ եւ զավակներ» խմբի ծախսերը հաշվետու տարում կազմել են 50.9 մլրդ դրամ, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստինը՝ 3մլրդ դրամ:Հղիության եւ ծննդաբերության նպաստի ծախսերը կազմել են 5 մլրդ դրամ՝ կատարողականը 99.6% , երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարումը կազմել է 4.5 մլրդ դրամ՝ կատարողականը 99.9% :Երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ին տրամադրվել է 2 մլրդ դրամ, «Բնակարանային ապահովում» խմբի ծրագրերին 2.6 մլրդ դրամ, զոհված եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան ընտանիքների բնակարանով ապահովման եւ բնակարանային պայմանները բարելավելու համար՝ 2մլրդ դրամ: Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն իրականացնելու համար տրամադրվել է 641.1 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում ավարտվել է Շիրակի մարզի Մարալիկի 9 կիսակառույց բնակելի շենքերի շինարարությունը: 2013 թվականին ժամանակավոր անաշխատունակության նպաստի դպքում նպաստի վճարը կազմել է 3.4 մլրդ դրամ: Այլ դասերին չպատկանող ՝ սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների դասի ծախսերը կազմել են 21 մլրդ դրամ, որը հիմնականում պայմանավորված է եղել պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման համար: