Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
23.05.2014

«Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի առթիվ:
Այսօր վերջին անգամ է հնչում դպրոցական զանգը՝ ազդարարելով նոր կյանքի, նոր նվաճումների սկիզբը:
Ուսումնառության շրջանում դպրոցը եւ ուսուցիչները ձեզ զինել են գիտելիքով ու անհրաժեշտ կենսափորձով, ձեր ծնողները՝ հավատով եւ հույսով, նախապատրաստելով կյանքի ավելի լուրջ, ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման ժամանակահատվածի: Միաժամանակ, դուք ստացել եք հայրենիքի ու ծնողի, ընտանիքի ու ընկերոջ, մերձավորի եւ անծանոթի հանդեպ սիրո ու նվիրումի յուրատեսակ դասեր:
Դպրոցական տարիների հիշողություններն ամենաջերմն են ու անմոռանալին: Թող այդ հիշողությունները ուղեկցեն ձեզ` ձեր ուսուցիչների ու ծնողների ցանկություններն ու երազանքները իրականացնելու, հայրենիքի արժանապատիվ քաղաքացի եւ զինվոր դառնալու ճանապարհին:
Կրկին ջերմորեն շնորհավորելով դպրոցական վերջին զանգի առթիվ՝ մաղթում եմ ամենայն բարիք: Թող հաջողության թեւավորող ուժը, հաղթանակի բերկրանքը, սերն ու խաղաղությունը լինեն ձեր անբաժան ուղեկիցները»: