Լուրեր
Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր՝ ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության այցի կազմակերպման ակտիվ մասնակիցներին
22.05.2014

Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության միջոցառումը կազմակերպելու աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով ու պատվոգրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, Երևանի սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, մայրաքաղաքում գործող բժշկական կենտրոնների և Երևանի շտապ բուժօգնության ծառայության բժիշկներ, ովքեր ուղեկցել են ծնողներին այցի ընթացքում։
Շնորհակալագրերն ու պատվոգրերը հանձնել են այցի կազմակերպչական աշխատանքները համակարգած Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։
«Այցը կազմակերպելու օրերին մեր զինծառայողների ծնողները շնորհակալական բազմաթիվ խոսքեր ուղղեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, և քաղաքապետի հանձնարարությամբ այսօր այդ խոսքերը, ինչպես նաև անձամբ Տարոն Մարգարյանի շնորհակալությունը ձեզ՝ այցը կազմակերպելու ակտիվ մասնակիցներիդ ենք փոխանցում շնորհակալագրերով ու պատվոգրերով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ընդգծել է, որ, ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության այս այցն ամփոփելով, մասնակիցներից ակնկալում է ոչ պակաս ակտիվություն նաև ծրագրի հաջորդ փուլերին։