Լուրեր
Ազգային ժողով էին այցելել Ագրարային համալսարանի ուսանողները
22.05.2014
Մայիսի 22-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, որոնք ԱԺ նիստերի դահլիճում հետեւեցին նիստի ընթացքին:
Բաց դասը վարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով ուսանողներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, մշտական հանձնաժողովների գործառույթները եւ օրինաստեղծ գործունեությունը:
Արտակ Դավթյանը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք առնչվում էին ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականությանը, քաղաքական վերջին զարգացումներին, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ այլն:
Ուսանողների խնդրանքով պարոն Դավթյանն անդրադարձավ ՄՄ անդամակցելու հետ կապված օրենսդրական փոփոխություններին, Կուտակային կենսաթոշակային համակարգին, ռեգիոնալ բուհերի խնդիրներին եւ լեռնային ու սահմանամերձ բնակավայրերի հանրակրթության ռազմավարությանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների կողմից, աշխատանքներին մասնակցում են նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները:
Հանդիպման ավարտին ԱԺ նիստերի դահլիճում ուսանողները լուսանկարվեցին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ Արտակ Դավթյանի հետ: