Լուրեր
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
16.05.2014
Մայիսի 16-ին նիստեր էին գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Հայկ Բաբուխանյանը նշեց, որ գործող օրենքը, պարտադրելով աուդիտի անցկացում այն կուսակցություններին, որոնց ակտիվների չափը գերազանցում է սահմանված շեմը, բարդ ֆինանսական վիճակի մեջ է դնում այն կուսակցություններին, որոնք չունեն ֆինանսական միջոցներ աուդիտ անցկացնելու համար, սակայն ունեն համապատասխան շեմից բարձր չափով ակտիվներ: Առաջարկվում է, որ հաշվետվությունը ենթարկվի աուդիտի այն դեպքում, երբ ակտիվների արժեքի փոփոխությունը գերազանցի նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:
Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ փոփոխությունը դրական է, միտված է կուսակցությունների ֆինանսական բեռի թեթեւացմանը:
Հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, դրական գնահատելով առաջարկվող փոփոխությունը, նշեց, որ այն կդյուրացնի կուսակցությունների աշխատանքը եւ ուղղված է նրանց գործունեության ազատականացմանը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծն ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Մինչեւ մեկ տարով հետաձգվեց ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի եւ Իշխան Խաչատրյանի հեղինակած «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» օրինագծի քննարկումը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանի ներկայացմամբ քննարկեց «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Նախատեսվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ներդնել խմբային հայցի ինստիտուտը՝ օրենսգրքից հանելով համահայցվորների ինստիտուտը: Ըստ հիմնավորման՝ համահայցվորների ինստիտուտը հնարավորություն չի տալիս ապահովելու գործի քննության արդյունավետությունը, ինչի վրա ազդում են մի շարք հանգամանքներ: Նախագիծն արժանացավ պատգամավորների հավանությանը. այն կընգկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հանձնաժողովը քննարկեց «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Փոփոխությունների արդյունքում կապահովվեն «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիայի եւ միջազգայնորեն ամրագրված այլ իրավական ակտերի պահանջները, որոնք բացակայում են «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքից: Նախագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Դրական եզրակացությամբ ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերում քննարկման կառաջարկվի նաեւ Արտակ Սարգսյանի, Դավիթ Հարությունյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է Աժ կանոնակարգում կատարել փոփոխություն, որով հնարավոր կդառնա վերացնել նախագծի՝ երրորդ ընթերցմամբ քննարկելու անհրաժեշտությունը, երբ խոսքը վերաբերում է օրենքի գործողությունը դադարեցնելուն / վերացնելուն, անվավեր ճանաչելուն, չեղյալ ճանաչելուն կամ օրենքի գործողությունը կասեցնելուն/:
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արթուր Ստեփանյանը եւ Էդմոն Մարուքյանը, վերաբերում է վարձակալության պայմանագրի՝ վարձատուի պահանջով վաղաժամկետ լուծման հասկացության առավել հստակեցմանը: Հեղինակներն առաջարկում են թույլատրել լուծարելու վարձակալության պայմանագիրը, եթե պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի վարձակալը չի մուծել վարձավճարը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ներդնել նոր՝ դատավորների եւ նրանց աշխատանքի գնահատման ինստիտուտ: Այս համակարգը նախատեսում է, որ եթե առաջին անգամ գնահատվող դատավորը չի բավարարել սահմանված պայմանները, նա կարող է ուղարկվել վերապատրաստման, երկրորդ անգամ քննությունը չհաղթահարող դատավորը կարող է ազատվել աշխատանքից: Փաթեթի վերաբերյալ պատգամավորներից շատերն ունեին մտահոգություններ, որոնցից գլխավորը վերաբերում էր դատավորի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ դրույթին: Նիստին ներկա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց վերանայել մտահոգիչ դրույթները եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը»՝ կից օրենսդրական փաթեթով: Այս նախագիծը եւս դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանի «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակն առաջարկում է օրենսգիրքը լրացնել նոր կետով, ըստ որի՝ եթե քվեաթերթիկը ծալված է անհամաչափորեն, եւ տվյալ ծալվածքն ակնհայտորեն հանդիսանում է որպես տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց, ապա այդ քվեաթերթիկը ճանաչվում է անվավեր: Առաջարկը միանշանակ չընդունվեց պատգամավորների կողմից. մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կարծիք հայտնեց, թե դա կարող է հանձնաժողովի անդամներին հնարավորություն տալ որոշելու ընտրողի կամարտահայտությունը՝ գաղտնի ծալելով քվեաթերթիկը:
Հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի եւ Վահան Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որով հեղինակներն առաջարկում են անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Առաջարկի վերաբերյալ բացասական էր թե ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, թե ՀՀ կառավարության կարծիքը:
Վերջին երկու օրենսդրական նախաձեռնությունները չստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նույն օրը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը կից փաթեթով հետաձգվեց մինչեւ մեկ տարով:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը:
Նախագծի մշակման նպատակն է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, օժանդակ նշանակության կառույցների, ավտոտնակների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրական նշանակության եւ հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների շինարարությունը եւ դրանց նկատմամբ իրականացվող շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը` համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Անշարժ գույքի հարկի մասին», «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասի», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է հողամասերը եւ դրանց վրա կառուցված շինությունները ընդունել որպես միասնական հարկման օբյեկտ եւ դրանց համար սահմանել միասնական հարկ, անշարժ գույքի հարկը եւ փոխադրամիջոցների գույքահարկը սահմանել որպես ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ, պահպանել սահմանված կարգով գնահատված անշարժ գույքի համապատասխան կադաստրային արժեքները, գործող գույքահարկի եւ հողի հարկի դրույքաչափերը, պահպանել ներկայումս գործող արտոնությունների համակարգը, վերացնել կազմակերպությունների կողմից գույքահարկի եւ հողի հարկի հաշվարկների ներկայացման պահանջը եւ սահմանել, որ կազմակերպությունների փոխարեն գույքային հարկերը հաշվարկում են համայնքները ու հարկային պարտավորության մասին ծանուցում են հարկ վճարողներին` դրանով իսկ կազմակերպությունների մասով գույքային հարկերի հարկագանձման համակարգը համապատասխանեցնելով ֆիզիկական անձանց մասով կիրառվող համակարգին:
Այսպիսով՝ անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի ներդրման նպատակը գույքային հարկերով (հողի հարկով եւ գույքահարկով) հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, գույքահարկի եւ հողի հարկի մասով՝ հարկային հաշվետվությունների վերացումը եւ համակարգի վարչարարության զգալի պարզեցումը:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Օրենքի ընդունումը պայմանավորված է փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում գույքի արգելադրման ընթացակարգի բացերի առկայությամբ, ինչը խոչընդոտում է ձեռնարկատիրության իրականացմանը: Նախագիծը նպատակ ունի կարգավորելու հարկ վճարողների բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման կարգը` հարկային պարտավորությանը համաչափ, հարկ վճարողի այլ գույքի արգելադրման կարգը, ինչպես նաեւ արգելադրված գույքը արգելանքից հանելու կարգը եւ վերացնելու լրացուցիչ խոչընդոտները բիզնես իրականացնելու տեսանկյունից:
Քննարկված օրինագծերը դրական եզրակացություն ստացան նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:
Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգեց «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկումը: