Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Նորվեգիայի դեսպանին

15.05.2014

Մայիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտին (նստավայրը` Մոսկվա):

ԱԺ նախագահը, շնորհավորելով դեսպանին իր առաքելությունը սկսելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նա իր ավանդը կբերի հայ-նորվեգական միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանի խորհրդարանի նախագահը կարեւորեց Սկանդինավյան երկրների, այդ թվում` Նորվեգիայի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտեց, որ անհրաժեշտ է համարում աշխուժացնել հայ-նորվեգական խոհրրդարանական շփումները երկկողմ եւ բաղմակողմ ձեւաչափերով: Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանի ժողովուրդը երախտապարտ է Նորվեգիային 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերված մարդասիրական օգնության համար: Նա բարձր գնահատեց Ֆրիտյոֆ Նանսենի ավանդը 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով իրենց հայրենիքից զրկված հայերի իրավունքները պաշտպանելու գործում:

Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը` Նորվեգիայի դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, երկկողմ շփումները : Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա նաեւ տնտեսության եւ այլ ոլորտներում: Նա հավաստիացրեց, որ կանի առավելագույնը զարգացնելու եւ ամրապնդելու հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունները:

Համաձայնելով, որ հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունները ունեն հարուստ պատմություն, կողմերը կարծիք հայտնեցին, որ անհրաժեշտ է խորացնել երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում: Երկուստեք կարեւորվեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Նորվեգիայի համագործակցությունը:

Զրուցակիցները անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի Մաքսային միությանը անդամակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
 

← Վերադառնալ ցուցակին