Լուրեր
Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
15.05.2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան- Միշել Հափին:
Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու ձեռքբերումները և արձանագրելու նոր հաջողություններ:
ՀԲ տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Հենրի Քերալին ընդգծել է, որ Համաշխարհային բանկը ՀՀ-ի հուսալի գործընկերն է, և Հայաստանը վարկային պորտֆելի կատարողականի առումով լավագույն երկրներից է: Պարոն Քերալին վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում և հասնել փոխգործակցության ավելի բարձր մակարդակի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի 2014-2017 թթ. երկրի գործընկերության ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին: Այս համատեքստում արծարծվել են պետական կառավարման համակարգում, տեսչական, քաղաքացիական ավիացիայի, հարկային և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող մանրամասներ: