Լուրեր

Ազգային ժողովի արտահերթ նիստում

14.05.2014

Մայիսի 14-ին խորհրդարանը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները: Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրինագիծը նախատեսում է որոշակի թեթեւացումներ բիզնեսի համար, սակայն անհրաժեշտ է համալիր լուծում գտնել բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ խնդիրը համապարփակ լուծման կարիք ունի եւ տեղեկացրեց, որ խմբակցությունը պատրաստում է օրինագիծ, որտեղ կներառվի իրավական պատասխանատվություն ենթադրող աուդիտի մեխանիզմ: Թեւան Պողոսյանը նշեց, որ պարտադիր աուդիտի պահանջի հանումը ոլորտի որակյալ մասնագետների համար խնդիրներ կառաջացնի եւ տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը «Հաշվապահական հաշվառման մասին» օրինագծին դեմ է: Միքայել Մելքումյանն իր մտահոգությունն արտահայտեց աուդիտորական ընկերություններին տրվող լիցենզավորման կարգի վերաբերյալ եւ կարեւորեց այդ գործընթացի թափանցիկությունը: Պատգամավորը նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու փաթեթին:

Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Արծվիկ Մինասյանի նշեց, որ պարտադիր աուդիտի պահանջը հանելը կբերի հաշվառման եւ հաշվետվության վերացում եւ կարեւորեց աուդիտորների ապահովագրության համակարգի ուժեղացումը: Արծվիկ Մինասյանն առաջարկեց «Հաշվապահական հաշվառման մասին» օրինագիծը հանել փաթեթից, հարցի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել քննարկում, քանի որ խմբակցությունը դեմ է նախագծի այս տեսքով ընդունմանը:

Հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ փոփոխության նպատակն է գնահատել եւ հաշվեկշռել, թե արդյոք բիզնեսի վրա առկա ֆինանսական բեռը համարժեք է թափանցիկության երաշխիքներին, որոնք ապահովում է պարտադիր աուդիտը: Պարոն Միրումյանը նշեց, որ կառավարությունն առաջարկում է վերացնել պարտադիր աուդիտի եզրակացությամբ հրապարակումը՝ միայն իրացման շրջանառության եւ ակտիվների հաշվեկշռային արժեքի դրույթով պայմանավորված:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը նշեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ավարտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության քննությունների ժամկետների երկարաձգման հետ կապված պարտադիր եւ այլընտրանքային զորակոչերի հայտարարման ժամկետների փոփոխության, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում այլընտրանքային ծառայության դիմումը հետ վերադարձնելու կամ մերժելու պարագայում քաղաքացու զորակոչի կարգավիճակի հստակեցման հանգամանքով:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ նախագծի նպատակն է կարգավորել ռազմավարական խնդիրների լուծման ուղիների եւ էներգահամակարգի հուսալիության ապահովման համար լիցենզավորված անձանց նոր գործառույթների սահմանումը, ինչպես նաեւ որոշ ոլորտների համար խթանիչ մեխանիզմների ստեղծումը: Մասնավորապես առաջարկվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձին տալ իրավունք` էլեկտրաէներգիան գնել ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանցից: Փոխնախարարը նշեց, որ նոր կառուցվող, վերակառուցվող եւ վերազինվող ՓՀԷԿ-րում հիդրոէներգետիկ ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու նպատակով առաջարկվում է էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել նոր պայմաններ, մասնավորապես էներգիայի վերականգնվող որոշ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային եւ կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի (հզորության) գնման համար սահմանել քսան տարվա երաշխիքային ժամկետ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն անդրադարձավ պատգամավորների առաջարկների՝ պատրաստակամություն հայտնելով դրանց հիման վրա լրամշակել օրինագիծը եւ գտնել ընդունելի ձեւակերպումներ: Նա տեղեկացրեց, որ առաջարկների մի մասն սկզբունքորեն ընդունելի է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշելով, որ կատարվել են մասնակի խմբագրական փոփոխություններ:

Օրինագծով նախատեսվում է, որ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախարարը տեղեկացրեց, որ հաշվի է առնվելու աշխատողի կամքը, եւ եթե նա առձեռն կամ փոստային առաքմամբ դիմում է ներկայացնում գործատուին եւ հրաժարվում կուտակային կենսաթոշակային վճար կատարելուց, ապա դա ենթակա է պարտադիր կատարման: Հանրությանը մտահոգող մյուս հարցերին, որոնց թվում նաեւ՝ արդեն վճարված գումարներին, կառավարությունը մտադիր է անդրադառնալ առաջիկայում: Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Նախագծի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, եղան տարբեր հարցադրումներ եւ առաջարկներ:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձան պատգամավորների ելույթներին եւ տվեցին պարզաբանումներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը նպատակ ունի կատարելագործել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի դրույթները: Նախարարի խոսքով՝ առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը, համապատասխանեցնել օրենքներում առկա հակասությունները, սահմանել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնային դրույքաչափը, ԱԱԽ քարտուղարի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոնական դրույքաչափերը եւ այլն:

← Վերադառնալ ցուցակին