Լուրեր

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի հետ

13.05.2014

Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ:

Օլեքսանդր Պավլյուկը շնորհավորեց տիկին Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ գործունեություն: Նա նշեց, որ դրական է գնահատվում ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը: Նրա խոսքով` Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի նպատակն է շարունակել աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Տիկին Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի կրողն է, եւ կարեւորեց ԵԽ երեւանյան գրասենյակի դերը եւ կատարած աշխատանքը մեր երկրում: Նա ողջունեց եւ կարեւորեց ժողովրդավարության խորացման, արդարադատության համակարգի բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ կապված ծրագրերը: Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին եւ ղարաբաղյան հիմնախնդրին: ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի առաջիկա նախագահությանն անդրադառնալով՝ նա մտահոգություն հայտնեց հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ գերի ընկած մարդկանց մասին: Տիկին Նաղդալյանը հույս հայտնեց, որ ԵԽ կնպաստի գերիների արտահանձման հարցի լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին