Լուրեր

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13.05.2014

Մայիսի 13-ին Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Պատվիրակության ղեկավար Զուզկա Բեբարովա-Ռույբրովան, նշելով, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին լսել է ուսանողական տարիներին, իսկ առավել ծանոթացել եւ ուսումնասիրել է Հայաստան այցին նախապատրաստվելիս, ասաց,- «Առաջին անգամ ենք գտնվում այստեղ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, եւ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայ ժողովրդին, որին 99 տարի առաջ Թուրքիայում ցեղասպանության միջոցով ցանկացել են ոչնչացնել։ Հույս ունենք, որ ապագայում նման ոճրագործությունները չեն կրկնվի։ Չեխ ազգը, չեխ ժողովուրդը հարգանքով է վերաբերվում Հայոց ցեղասպանությանը»։

← Վերադառնալ ցուցակին