Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ
13.05.2014
«Խորապես վշտացած եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Տաղանդավոր դերասանուհու կերտած կատակերգական կերպարներն ու խաղացած դերերը տպավորիչ ու անկեղծ էին, լեցուն դրական էներգիայով: Սվետլանա Գրիգորյանի բեմական արվեստը չընդհատվող կապ էր հանդիսատեսի հետ, պարզ ու անպաճույճ երկխոսություն՝ համեմված մշտապես կենդանի հումորով ու ծիծաղով: Այդպիսին էլ նա կմնա մեր հիշողության մեջ՝ հայկական թատերարվեստում եւ մշակույթում թողած իր յուրօրինակ հետքով:
Անկեղծորեն ցավակցում եմ Սվետլանա Գրիգորյանի հարազատներին ու նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»: