Լուրեր
Տարոն Մարգարյան. քաղաքային տնտեսության հետ կապված աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք շարունակական են
12.05.2014

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների մասնակցությամբ շաբաթ օրը կազմակերպվել են նաև լրացուցիչ սանմաքրման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են հանրային օգտագործման տարածքներում առկա աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, տվյալ տարածքները համալրվել են նոր աղբամաններով: Քաղաքապետը հանձնարարել է նշված աշխատանքները պահել մշտական ուշադրության կենտրոնում և աղբամաններով կահավորել նաև երկրորդական, երրորդական փողոցները, ինչպես նաև համալրումներ կատարել զբոսայգիներում և բակային տարածքներում:
«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն մշտական հսկողության տակ և համալրումներն էլ, բնականաբար, պետք է արվեն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում, անմիջապես: Եվ ընդհանրապես, պետք չէ կարծել, որ եթե արդեն տեղադրել եք անհրաժեշտ աղբամանները, ապա այլևս ավարտել եք ձեր աշխատանքներն ու տվյալ հատվածում էլ անելիք չկա: Միշտ հիշեք, որ քաղաքային տնտեսության հետ կապված աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք շարունակական են: Ուստի հորդորում եմ բոլորիդ զերծ մնալ իրականացվող աշխատանքներն ամբողջությամբ ավարտված համարելու մտայնությունից և առաջնորդվել շարունակականության սկզբունքով, ինչն արդյունավետ աշխատանքի կազմակերպման ամենակարևոր պայմանն է»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների ու կառուցապատողների կողմից պարտադիր մաքրման և բարեկարգման աշխատանքներին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ հաշվառված տարածքների մեծ մասն արդեն իսկ մաքրվել են: Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև անբարեխիղճ որոշ սեփականատերերի հայտնաբերման ու նրանց տնօրինման տակ գտնվող տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ:
«Այս ուղղությամբ տարվող աշխատանքները ևս պետք է լինեն մշտական խիստ հսկողության տակ: Մաքրության ապահովումն ու պահպանումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք, այլ ոչ թե մեկանգամյա ինչ-որ գործողություն: Պետք չէ մոռանալ, որ այդ ամենը չի վրիպում ոչ մեր և ոչ էլ, առավել ևս, մեր համաքաղաքացիների աչքից: Ուստի այս հարցում եղեք ավելի կոշտ և հետևողական, փորձենք սեղմ ժամկետներում հայտնաբերել այն սեփականատերերին, որոնք խուսափում են պարտավորությունների կատարումից: Շատ դեպքերում երևանցիները կարող են նաև տեղեկացված չլինել, որ աղբանոցի վերածված այս կամ այն տարածքը ինչ-որ մեկի սեփականությունն է և արդարացիորեն դժգոհեն քաղաքային իշխանություններից: Ըստ այդմ, առաջնորդվեք բացառապես այն գիտակցումով, որ որևէ մեկը իրավունք չունի աղբանոցի վերածել մայրաքաղաքն ու մնալ անպատիժ: Գործեք օրենքի ողջ խստությամբ, ինչի իրավունքը ձեզ տրված է»,- հանձնարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման հետ կապված էլ զեկուցվել է, որ, չնայած տնտեսվարողները բազմիցս ծանուցվել են աշխատանքների իրականացման մասին, այնուամենայնիվ, դրանք կատարվում են մասամբ և ոչ լիարժեք: Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել գործընթացի նկատմամբ հսկողությունն ու ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան քայլեր:
«Տարվող աշխատանքների արդյունքներն իրոք գոհացուցիչ չեն: Ծանուցումներից հետո հաջորդ քայլը պետք է լինի ավելի կոշտ և գործնական ու ենթադրի պատասխանատվություն: Աշխատելով օրենքի տառով՝ ձեռնարկեք համապատասխան միջոցներ և ապահովեք տեսանելի արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով շինհրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությանը՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման թվով 27 դեպք, որոնց մասով կազմվել են համապատախան վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ խիստ հսկողությունն ու պարբերաբար իրազեկել աշխատանքների ընթացքի մասին:
Բնապահպանության վարչության պետը, մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների հետ կապված, զեկուցել է, որ ջերմատնից ծաղկապատման տարածքներ է տեղափոխվել 225 հազար ծաղկասածիլ: Ծառերի բուժման նպատակով կրապատվել է արդեն 35 հազար ծառ: Ընթացքի մեջ են նաև խոտհնձի աշխատանքները: Ոռոգման ցանցերի գործարկման մասով էլ զեկուցվել է, որ 10 վարչական շրջաններում դրանք արդեն իսկ գործարկվել են, մյուս 2 վարչական շրջաներում կվերագործարկվեն մայիսի 15-ից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մայիսի 25-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները:
16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների ընթացքի մասով քաղաքապետին զեկուցվել է, որ թվով 16 շենքեր ամբողջությամբ գազիֆիկացված են, ևս 2 շենքում աշխատանքներն ընթացքի մեջ են: Թաղամասի մյուս շենքերի վերաբերյալ զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են, և շենքերը պատրաստ են գազիֆիկացման:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կատարվում է ամենօրյա հսկողություն: Նախորդ շաբաթ արձանագրվել է 9 դեպք: Երևույթը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված հսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հանգստյան օրերին ոչ սահմանված վայրերում կազմակերպվող առևտրի կանխարգելմանը:
Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 23-ին դպրոցների Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Նշվել է նաև, որ դրամահավաքի հնարավոր դեպքերը բացառելու նպատակով գրավոր շրջաբերականներ են ուղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին, զուգահեռ կազմակերպվում են նաև հանդիպումներ ուսուցչական անձնակազմերի և ծնողների հետ: