Լուրեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ
09.05.2014
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:
Այս տոնը մեր ազգի ինքնության, նրա անսասան ոգու ու կենսասիրության խորհրդանիշն է: Հազարամյակներ շարունակ մեզ համար հաղթանակն ու խաղաղությունը փոխլրացնող գործոններ են եղել: Մեր ժողովուրդը գիտակցել է, որ խաղաղության գինը հաղթանակն է, իսկ հաղթանակի գրավականը՝ հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերը, ապրել-արարելու անխախտ նպատակադրումը:
Բազում արհավիրքներ տեսած հայ ժողովուրդը երբեք չի կորցրել հավատն ու լավատեսությունը, երբեք չի չարացել, բայց եւ չի հանդուրժել չարիքն ու բռնությունը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարում իր կարեւոր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը: Փառք ու պատիվ Հայրենական մեծ պատերազմին մասնակից մեր հայրերին ու պապերին:
Սիրելի՛ հայրենակիցներ, նորօրյա պատմության մեջ մեր ազգի հաջողությունների պսակը, անշուշտ, Արցախի հաղթանակն էր ու Շուշիի ազատագրումը: Հայ ժողովուրդը պարտադրված այս պատերազմում վերահաստատեց անկախ եւ արժանապատիվ ապրելու իր իրավունքը: Փառք ու պատիվ մեր ազգի քաջարի զավակներին՝ երկրապահ- ազատամարտիկներին, նրանց թիկունքը պահող հայրերին ու մայրերին, քույրերին ու եղբայրներին, հավերժ հիշատակ մեր նահատակներին: Նրանք մեր ազգի նվիրյալ զավակներն են, որոնց վաստակը թեեւ բարձր գնահատանքի է արժանացել, բայց դեռեւս ըստ արժանվույն լուծված չեն նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին պետական հոգածությունն այս հարցում առավել տեսանելի կլինի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Տա Աստված, որ ամեն մեկս հաղթանակներ գրանցենք մեր խաղաղ, ստեղծագործ կյանքում, շենացնենք մեր երկիրը ու վայելենք մեր աշխատանքի քաղցր պտուղները, իսկ եթե, Աստված ո՛չ արասցե, փորձեն խլել խաղաղ ապրելու մեր իրավունքը, թող որ մշտարթուն հայկյան ոգին կրկին հառնի մեր մեջ ու նոր հաղթանակների մղի»: