Լուրեր
Նոր կառավարության ծրագիրն իրատեսական է լինելու
08.05.2014
Այսօր տեղի է ունեցել ՀՀ նորակազմ կառավարության առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. ««Կառավարությունն ամբողջովին ձևավորվել է, և ես շնորհավորում եմ բոլորիս: Մենք աշխատում ենք ծրագրի վրա, պետք է քսան օրվա ընթացքում այն ներկայացնենք Ազգային Ժողով: Ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Ես տեղյակ եմ քննարկումների արդյունքներից, որոնք պարոն Գևորգյանը պարբերաբար զեկուցում է:
Ես համոզված եմ, որ ԱԺ ներկայացվող ծրագիրն իրոք իրատեսական է լինելու և կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման համար: Մեր ճանապարհները կբաժանվեն կառավարության այն անդամից, ով չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի աշխատի, անկախ նրանից, թե մենք ինչքան ժամանակ ենք միասին աշխատել»:
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. մայիսի 12-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ և քննարկել մոտ երեք տասնյակ հարց: Օրակարգի առաջին կետով շարունակվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ նախագահի ս.թ. ապրիլի 30-ի հրամանագրով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը վերակազմակերպվել է և միացվել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Կառավարությունն իր նիստում միաձուլման ձևով վերակազմակերպել է նախարարության և ՊԵԿ-ի աշխատակազմերը, հաստատել վերակազմակերպված պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը:
Աշխատանքային կենսաթոշակը պետք է վերահաշվարկվի նոր բանաձևով
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են 2014թ. ուժի մեջ մտած և պետական կենսաթոշակին վերաբերող երեք օրենքներով: Դրանց համաձայն վերանայվել է աշխատանքային կենսաթոշակ նշանակելու բանաձևը, վերացել է սոցիալական կենսաթոշակը, որը վճարվում է որպես նպաստ, սահմանվել է, որ հատուկ քննչական ծառայողին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ստաժը հաշվարկելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է կառավարությունը, լուծվել են իրավակիրառական պրակտիկայում առաջացած այլ խնդիրներ:
Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է այն ժամանակահատվածը, որի համար փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական մորը և փոխնակ մորը տրվում է անաշխատունակության թերթիկ: Կենսաբանական մորը թերթիկը տրվում է միայն հետծննդյան արձակուրդի, փոխնակ մորը՝ նախածննդյան և հետծննդյան ժամանակաշրջանի համար:
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի միջև կնքված ենթահամաձայնագրերով հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: 2014թ. այդ հաշվին է փոխանցվում ավելի քան 41 մլն դրամ, որով ապահովվելու են աշխատանքի վարձատրությունը, շենքերի և շինությունների հիմնանորոգումը, մասնագիտական ծառայությունների մատուցումը և այլն: Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել երկրում ապաստան հայցողների և փախստականների իրավական, սոցիալական պաշտպանվածությունը:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ պետբյուջե է ներառել «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարական, ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական ու սոցիալական դրամաշնորհային ծրագրերը, որոնց վերաբերյալ համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև:
Միջազգային կազմակերպությունների հրապարակված տեղեկատվության համաձայն մեր երկիրը համաշխարհային ցանցային պատրաստվածության համակարգում 17 տեղով բարելավել է իր դիրքը և 148 երկրների շարքում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը: Առավել մեծ արդյունքի հասնելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել ցանցային պատրաստվածության բնագավառում ՀՀ դիրքը բարելավելու միջոցառումների ցանկին:
Կառավարության որոշմամբ արդյունաբերական սուբսիդիաների մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Նիստում համաձայնություն է տրվել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի տեղագրաերկրաբաշխական և նավիգացիոն ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Օրենսդրորեն կարգավորվելու են գյուղատնտեսության ոլորտի իրավահարաբերությունները
Կառավարության հավանությունն ստացած հինգ օրինագծերը համապատասխանեցվել են Մաքսային միության նույն ոլորտին առնչվող օրենսդրությանը:
Գործադիրը նախ հավանություն է տվել «Բուսասանիտարիայի մասին» օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի և ՀՀ տարածքում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց հարաբերությունները բուսասանիտարիայի ոլորտում, ամրագրում պարտադիր բուսասանիտարական պահանջները:
Նիստում հավանություն է ստացել «Անասնաբուժության մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվելու են երկրում անասնաբուժության ոլորտի իրականացմանը, կառավարմանն առնչվող հարաբերությունները:
Գործադիրը հավանության է արժանացրել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագիծը, մեկ այլ հարակից օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը:
Նիստում հավանություն է տրվել «Կերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքների նախագծերին:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է չվճարված կենսաթոշակի գումարը վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետի սահմանափակման, վճարել նաև Հայաստանում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել խնդրի վերաբերյալ, քանի որ կենսաթոշակների վճարման ծախսը էապես կավելանա և առաջիկա 2-3 տարում կհասնի շուրջ 25 մլրդ դրամի. նշված ֆինանսական միջոցները նախատեսված չեն 2014թ. պետբյուջեով և ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով:
Գործադիրը դեմ է արտահայտվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկում է «էականորեն կրճատել երթևեկության կանոնների մի շարք նվազ վտանգավոր խախտումների համար նախատեսված տուգանքի չափերը», ինչը, ըստ կառավարության եզրակացության, պատշաճ հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունենալ ճանապարհային պատահարների նախականխման տեսանկյունից:
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ հարցեր
Ի կատարումն ՀՀ նախագահի 2014թ. ապրիլի 29-ի 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագրի՝ ՀՀ կառավարությունը որոշել է 2014թ. ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով՝ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:
Գործադիրը հաստատել է 2014թ. ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հինգ հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները: Ամեն տարի ռոտացիոն կարգով այլ ՀԿ-ների նույնպես հնարավորություն կտրվի ընդգրկվելու հանձնաժողովի կազմ:
Կառավարությունն ընդունել է ՀՀ 56 համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2014թ. հունիսի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2015թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանին:
Կառավարության որոշմամբ Կովալենկո Շահգալդյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից:
Հաջորդ որոշումներով գործադիրը Կոտայքի մարզպետ է նշանակել Արամ Հարությունյանին, Արարատի մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք: