Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ
08.05.2014
Սիրելի հայրենակիցներ,
Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա կապակցությամբ:
Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում երկրապահի կատարած դերն իսկապես անգնահատելի է: Պատերազմի առաջին փուլում, երբ դեռևս չունեինք կանոնավոր բանակ, հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն առաջինը հենց մեր ազատամարտիկները ստանձնեցին և պատվով տարան այն: Մեր ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք նաև նրանցից շատերի կյանքերի գնով, ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ:
Իմ խորին համոզմամբ՝ երկրապահը ոչ միայն կոչում է, այլ նաև հոգեվիճակ, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, ում համար Հայրենիքը ամենաթանկ գաղափարն է: Եվ այսօր, նշելով Երկրապահի օրը, մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված ազատամարտիկների հիշատակին, այլև հերթական անգամ պարտավորություն ստանձնում պահպանելու այն ամենը, ինչը ձեռք է բերվել նաև նրանց կյանքերի գնով: Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:
Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և այրիներ,
այսօր նաև ձե՛ր տոնն է, ձեր անհատնում համբերության և անկոտրում կամքի գնահատման օրը: Եվ շնորհավորելով ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ՝ երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ: Դուք արժանի՛ եք ամենաբարձր գնահատանքի ու մեծարումի: Վստա՛հ եղեք, որ իմ ուժերի և հնարավորությունների սահմանում միշտ լինելու եմ ձեր կողքին: