Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

06.05.2014

Մայիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշին:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթելով` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները վերընթաց կապրեն եւ վստահեցրեց, որ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, կաջակցի հայ-պորտուգալական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը: Փաստելով, ոոր Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ հարաբերություններն աչքի չեն ընկնում ակտիվությամբ` ԱԺ նախագահը կարեւորեց համագործակցությունը տարբեր ձեւաչափերով, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացումը: Երկկողմ կապերի զարգացման եւ ընդլայնման տեսանկյունից` ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ այդ համատեքստում նշեց, որ առաջիկայում Հայաստանի խորհրդարանում կձեւավորվի Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խումբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պորտուգալիայի դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրեց, որ իր պաշտոնավարության տարիներին կանի հնարավորը զարգացնելու եւ խորացնելու երկու բարեկամ երկրների քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Հայաստանի եւ Պորտուգալիայի հարաբերությունների զարգացման առումով, նա նույնպես կարեւոր եւ անհրաժեշտ համարեց ազգային խորհրդարանների միջեւ կապերի զարգացումը, փոխայցերը, երկկողմ շփումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, երկուստեք կարեւորվեց միջազգային կազմակերպություններում փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին