Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

05.05.2014

Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող օրենսդրական հարցեր, բարձր գնահատվեց հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը երկրի ու ժողովրդի կյանքում, կարեւորվեց Հայ եկեղեցու եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

Նորին Սրբությունը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ արգասաբեր գործունեություն մաղթեց:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` բարձր գնահատելով Հայոց եկեղեցու դերակատարությունն ազգային կյանքում, կարեւորեց համատեղ ջանքերի ներդրումը` հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց Մայր աթոռի եւ ՀՀ Ազգային ժողովի հետագա համագործակցությունը:

Վեհափառ հայրապետը վստահություն հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները, լինելով ժողովրդի ձգտումների ու սպասումների արտահայտողը, օրենսդրական բարեփոխումներով կնպաստեն երկրի առաջընթացին, ժողովրդի արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի ապահովմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՀՀ Ազգային ժողովի հարաբերություններին, ինչպես նաեւ Հայ եկեղեցու` որպես ազգային բացառիկ կառույցի, համախմբող դերակատարությանը:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց հայրապետը վերստին Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԱԺ նախագահին` պատասխանատու իր առաքելության մեջ:

← Վերադառնալ ցուցակին