Լուրեր

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

30.04.2014

Ապրիլի 30-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Վարդան Այվազյանի, Հովհաննես Սոֆոյանի, Արմեն Մխիթարյանի եւ Միքայել Մելքումյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել էր ԱԺ ապրիլի 29-ի նիստում: Քվեարկությանը չմասնակցեցին ԱԺ «ՀՅԴ», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» խմբակցությունները:

Պատգամավորները շարունակեցին քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախորդ նիստում ընդհատված ՀՀ օրենքի նախագիծը: Նշենք, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի 1142 որոշման ընդունմամբ: Օրինագծի ընդունման դեպքում մինչեւ ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը՝ միաժամանակ անձանց ազատելով նախկին ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Օրենքի նախագծի կապակցությամբ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ուղղվեցին հարցեր, որոնք վերաբերում էին մինչ այժմ հավաքված կուտակային կենսաթոշակային վճարները վերադարձնելու ժամանակին, հարցի հետ կապված՝ կառավարության հետագա քայլերին, պարտադիր կուտակային վճարներ կատարել չցանկացող քաղաքացիների թվին, հավաքված կենսաթոշակային կուտակային վճարների չափին, պետական հիմնարկներում աշխատողների իրավունքների պաշտպանության հարցին եւ այլն:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ ներկայացված նախագիծը ժամանակավոր լուծում է տալու հիմնախնդրին, մինչեւ հնարավոր լինի ներկայացնել հիմնավոր լուծման առաջարկ:

Օրենքի նախագծի վերաբերյալ եղան ելույթներ. քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:

ԱԺ նիստին զուգահեռ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը: Հիշեցնենք, որ նախորդ օրը այդ պաշտոնում առաջադրվել էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել ԱԺ ժամանակավոր հաշվիչ հըարձնաժողովի նիստը: Նա տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հովհաննես Սահակյանի օգտին քվեարկել է 80 պատգամավոր, 5 պատգամավոր դեմ է քվեարկել, 1 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Այսպիսով, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Ելույթ ունենալով՝ հանձնաժողովի նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ խմբակցությանը՝ վստահության եւ իր թեկնածությունն առաջադրելու, իսկ ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին՝ քվեարկությանը մասնակցելու համար: Հովհաննես Սահակյանը նշեց, որ պատրաստ է բարձր պատասխանատվությամբ ստանձնելու հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Օրվա վերջին նիստը ԱԺ Կանոնակարգի համաձայն տրամադրվեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

Հարցուպատասխանն սկսելուց առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, իմ եւ պատգամավորների անունից շնորհավորում եմ նորընտիր կառավարությանը եւ մաղթում բեղմնավոր աշխատանք»:

«Պարոն Աբրահամյան, անձամբ իմ եւ շատ-շատերի ակնկալիքները նոր ձեւավորված եւ Ձեր ղեկավարությամբ գործող կառավարությունից մեծ են: Համոզված եմ, որ մեր ընդհանուր գործի հաջողությունը՝ մեր երկրի զարգացմանն ուղղված քայլերի արդյունավետությունը, մեծապես պայմանավորված է լինելու օրենսդիր եւ գործադիր մարմինների ակտիվ փոխգործակցությամբ, համատեղ լուծումներ գտնելու հետեւողական աշխատանքով»,-ասաց ԱԺ նախագահը: 

← Վերադառնալ ցուցակին