Լուրեր

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը

29.04.2014

Ապրիլի 29-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նախորդ օրը քննարկված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քվեարկությունից առաջ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ հաշվի առնելով խմբակցություններից ստացված առաջարկությունները, հասարակական կազմակերպությունների ներկայացրած մոտեցումները, ինչպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հարցի վերաբերյալ քննարկման արդյունքները՝ կառավարությունն առաջարկում է այս պահին սահմանափակել օրենքի գործողության ժամկետը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու: Քվեարկության արդյունքում օրինագիծը ընդունվեց:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին Վարդան Այվազյանի, Հովհաննես Սոֆոյանի, Արմեն Մխիթարյանի եւ Միքայել Մելքումյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Վարդան Այվազյանը նշեց, որ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2011թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում զգալիորեն նվազել են «շքեղության հարկով» հարկվող ավտոմեքենաների ներկրման ծավալները եւ ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարների չափը: Հաշվի առնելով, որ տվյալ հարկատեսակով սահմանված մեխանիզմը չի ծառայում իր նպատակին? օրինագծով առաջարկվում է հանել թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը: Ըստ Վարդան Այվազյանի? նախագծի ընդունումից հետո ակնկալվում է ներկրման ծավալների զգալի ավելացում եւ դրանով պայմանավորված? ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի հավաքագրում:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Հիմնական եւ հարակից զեկուցողները պատասխանեցին պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին օրինագծի հիմնավորման ոչ լիարժեքությանը, Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ծավալների վիճակագրությանը եւ այլն:

ԱԺ առաջին նիստում օրինագծի քննարկմանը զուգահեռ տեղի ունեցավ ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը: Նշենք, որ ԱԺ ապրիլի 28-ի նիստում Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը, ինչպես նաեւ այդ պաշտոնում ինքնառաջադրվել էր ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Գաղտնի քվեարկության ավարտից հետո ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել հաշվիչ հանձնաժողովի հերթական նիստը: ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել են Գալուստ Սահակյանի եւ Հրանտ Բագրատյանի թեկնածությունները: Նա նշեց, որ նրանց ազգանուններն ընդգրկվել էին փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկներում: Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր: Բացելով քվեատուփը՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ քվեատուփում առկա է 106 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել երկուսը: Գալուստ Սահակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ` 3-ը: Հրանտ Բագրատյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 3 պատգամավոր, դեմ` 101-ը: Քվեարկության արդյունքներով ՀՀ ԱԺ նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը:

ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին իրեն առաջադրելու, ՀՀԿ-ին՝ սատարելու, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցություններին` մասնակցության համար: Պարոն Սահակյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին եւ Ռուբեն Հակոբյանին ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրման համար, ինչպես նաեւ այն խմբակցություններին, որոնք չմասնակցեցին ընտրությանը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ վերջին տարիներին խորհրդարանում ձեւավորված ավանդույթները կշարունակվեն եւ Ազգային ժողովը այն հարթակն է, որտեղ ցանկացած առաջարկություն կարելի է քննարկել եւ լուծումներ տալ:

ԱԺ նախագահի ընտրությունից հետո խորհրդարանը շարունակեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Արծվիկ Մինասյանը, Միքայել Մելքումյանը, Մհեր Շահգելդյանը, Գուրգեն Արսենյանը եւ Հովհաննես Մարգարյանը: Խոսրով Հարությունյանը եւ Միքայել Մելքումյանը դրական գնահատեցին օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ օրինագծով հնարավորություն է ստեղծվում ավելացնելու բյուջեի մուտքերը, լուծելու սոցիալական համերաշխության խնդիրը: Օրինագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտեցին Արծվիկ Միանսյանը, Գուրգեն Արսենյանը: Օրինագծի վերաբերյալ իրենց մտահոգություններն արտահայտեցին նաեւ Մհեր Շահգելդյանը եւ Հովհաննես Մարգարյանը:

ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ օրինագծով ոչ թե լուծվում է համապետական խնդիր, այլ ապահովվում մարդկանց միայն փոքր խմբի շահերը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ օրինագծի համահեղինակները կոնկրետ հիմնավորում չեն ներկայացնում, թե ինչու են առաջարկում հանել սահմանված ակցիզային հարկը: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ խմբակցությունը, հավատարիմ լինելով իր ծրագրին, դեմ է ներկայացված օրինագծին:

Եզրափակիչ ելույթում հիմնական եւ հարակից զեկուցողները շնորհակալություն հայտնեցին բովանդակալից քննարկումների համար, անդրադարձան պատգամավորների հարցադրումներին եւ տվեցին պարզաբանումներ:

Այնուհետեւ խորհրդարանը սկսեց քննարկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 26-րդ հոդվածի Դոնթի բանաձեւի համաձայն՝ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է ՀՀԿ խմբակցությանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ խմբակցությունն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հովհաննես Սահակյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին՝ վստահության եւ այս պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար: Նա ներկայացրեց իր աշխատանքային անցած ուղին եւ ԱԺ մշտական հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման հարցում իր մոտեցումները: Պարոն Սահակյանը վստահեցրեց, որ շարունակելու է հանձնաժողովում ձեւավորված ավանդույթները: Նա կարեւորեց ԱԺ բոլոր խմբակցությունների հետ համատեղ աշխատանքը եւ օրինագծերի հանգամանալից քննարկումները:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության կարգը՝ նշելով որ քվեարկությունը կկազմակերպվի ապրիլի 30-ին՝ ժամը 12.30-ից 13.30-ը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը առաջին ընթերցումով ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարն ընդգծեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկումների արդյունքում որոշվել է նման նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով: Նշվեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թ. ապրիլի 2-ի 1142 որոշման ընդունմամբ: Պարոն Ասատրյանը տեղեկացրեց, որ օրինագծի ընդունման դեպքում մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը՝ միաժամանակ անձանց ազատելով նախկին ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ կառավարությունը պատրաստակամ է բոլոր խնդիրները քննարկել եւ համատեղ ուժերով լուծում տալ դրանց:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի ապրիլի 30-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:

← Վերադառնալ ցուցակին