Լուրեր

Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան

28.04.2014

 Ապրիլի 28-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, ինչպես նաեւ մի շարք օրինագծերի քննարկման հատուկ կարգի վերաբերյալ ԱԺ որոշումները հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 3 օրինագծեր եւ վավերացրին 1 միջազգային պայմանագիր: Քվեարկության արդյունքում չընդունվեց չորս խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշումը:

ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակից ԱԺ պատգամավորներ են գրանցվել Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը եւ Վահրամ Մկրտչյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց խմբակցության ընդդիմադիր դառնալու մասին:

ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ քննարկվող նախագծի անհրաժեշտությունը առաջացել է մի քանի պատճառներով՝ խնայողաբար չեն օգտագործվել ջրային ռեսուրսները, չեն շահագործվել Սեւանը սնող թունելները եւ այլն: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է ներկայացված նախագծին:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ Միքայել Մելքումյանը նկատեց, որ պետք է մասնագետների հետ հանգամանալից քննարկել ջրառի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներն ու պայմանները, վեր հանել առկա թերությունները եւ հստակ հիմնավորել կատարվող քայլերի նպատակահարմարությունը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ԲՀԿ խմբակցությունը դեմ է Սեւանից ջրառի ավելացման 5 տարվա ռեժիմին եւ առաջարկում է այն սահմանել մեկ տարի ժամկետով: Ըստ պատգամավորի՝ ԲՀԿ-ի դիրքորոշումը պայմանավորված է լինելու իրենց հարցադրումների նկատմամբ իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքով ու մոտեցումներով:

Եզրափակիչ ելույթում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար՝ միաժամանակ հորդորելով, որ ընդդիմախոսները իրողություններով առաջնորդվեն: Նա տեղեկացրեց, որ Սեւանը սնուցող թունելների վերանորոգումը ընթացքի մեջ է, Սեւանից ջուրը տեղափոխվում է Սեւան-Հրազդան կասկադի միջոցով, որի վերջնակետը Երեւանյան լիճն է, ուստի անհիմն է այն փաստարկը, որ Սեւանի ջուրը կարող է թափվել Արաքս գետը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է, որ Սեւանի ջրառն սկսվել է՝ պայմանավորված գյուղատնտեսական գարնանային աշխատանքների մեկնարկով:

Հաջորդ հարցը վերաբերում էր Ազգային ժողովի նախագահի ընտրությանը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը, իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը այդ պաշտոնում տեսնում է Ռուբիկ Հակոբյանին: ԱԺ նախագահի պաշտոնում ինքնառաջադրվեց Հրանտ Բագրատյանը:

ԱԺ նախագահի երեք թեկնածուներն էլ ելույթ ունեցան:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Հանրապետական կուսակցությանը այդ պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար եւ հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու է դրական ավանդույթներ պահպանելու ու դրանք ավելի խորացնելու համար: Նա կարեւորեց Ազգային ժողովում քաղաքական ուժերի ու պատգամավորների միջեւ ձեւավորվող նոր մշակույթը, անհրաժեշտ համարեց բազմակարծությունն ու արդար քննադատությունը, իսկ անձնավորումն ու անձնական վիրավորանքը՝ անընդունելի:

Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ու արդյունավետ օրենսդրական գործունեությունն ապահովելու համար նա կարեւորեց մշտական հանձնաժողովների դերի բարձրացումը, օրինագծերի հանգամանալից քննարկումները նաեւ կառավարության հետ: Նրա գնահատմամբ՝ ինքը ոչ թե մտածում է պատասխանատվության բեռի ու դժվարություններ մասին, որոնք ընտրվելու դեպքում ամենօրյա աշխատանքով հաղթահարելի են, այլ կարեւորում է խորհրդարանի վստահության քվեն, ինչը առավել կմեծացնի համատեղ աշխատանքի արդյունավետությունը:

Հրանտ Բագրատյանը համառոտ ներկայացրեց իր աշխատանքային անցած ուղին ու կառավարման համակարգում ունեցած փորձը: Ներկայացնելով Ազգային ժողովի բարեփոխումների իր ծրագիրը՝ նա անհրաժեշտ համարեց ԱԺ օրենսդիր եւ վերահսկիչ գործառույթների տարբերակումը՝ վերահսկողության գործում կարեւոր դեր հատկացնելով ընդդիմությանը, կարեւորեց բյուջետային գործընթացի վերափոխումը, պատգամավորների իրավունքների ընդլայնումը, դատական համակարգի բարեփոխումները, հանրաքվեների դերի մեծացումը եւ ԱԺ դերի բարձրացումը արտաքին քաղաքականության մեջ եւ տնտեսական կառավարման համակարգում:

Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ իր առաջադրման հիմնական նպատակը պետական համակարգում ԱԺ դերի մասին հիմնական պատկերացում տալն է: Նրա գնահատմամբ՝ չափազանց կարեւոր է փոխզսպման ու հակակշիռների մեխանիզմների ներդրումը օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների միջեւ, ընդդիմության մասին օրենքի ընդունումը, ԱԺ-ի վերահսկողական գործառույթների մեծացումը, այդ ասպարեզում ընդդիմության կարեւոր դերակատարությունը, մեծամասնական ընտրակարգի վերացումը, ԱԺ-ի ներկայացուցչական դերի մեծացումը, արհեստավարժ խորհրդարանի ամրապնդումը, վերադարձը կարճ ընդմիջումներով եռօրյա նիստերին, մենաշնորհների վերացումն ու փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը:

ՀՅԴ խմբակցության անունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ արդյունքները կանխորոշված են, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրին, որ իրենց խմբակցությունները մինչեւ քվեարկությունը որոշում կկայացնեն եւ կարտահայտեն իրենց դիրքորոշումը:

Եզրափակիչ ելույթում Ռուբիկ Հակոբյանը հայտնեց, որ ինքը հանում է իր թեկնածությունը, որ չորս քաղաքական ուժերը կողմնորոշման խնդիր չունենան, Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իր թեկնածության առաջադրումը ՀԱԿ խմբակցության հետ կապ չունի. դա ինքնառաջադրում է, իսկ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Հրանտ Բագրատյանին, որ թեկնածությունը չի հանում, քանի որ ինքը կողմնակից է մրցակցությանը:

ԱԺ նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի՝ ապրիլի 29-ի նիստում:

← Վերադառնալ ցուցակին