Լուրեր

ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Գալուստ Սահակյանի թեկնածությունը

26.04.2014

Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի եւ խորհրդի նիստերում որոշվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք համոզված ենք, որ Գալուստ Սահակյանն իր փորձով, գիտելիքներով լավագույնս կարող է լուծել իր առջև դրված խնդիրները: ԱԺ-ում ՀՀԿ Խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվել, կառավարության հարց ևս չի քննարկվել մինչև մայիսի 3-ը ժամանակ կա և մենք մինչ այդ կձևավորենք կառավարության կազմը: Որոշվել է, որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ կդառնա Հովհաննես Սահակյանը, իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը կլինի ԵԽԽՎ նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը»,-ասաց Շարմազանովը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հարց կուսակցության նիստում ևս չի քննարկվել: Ազգային ժողովի` ապրիլի 28-ին մեկնարկելիք քառօրյայի օրակարգում ներառված է նաև Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը. կիսատ հարց կա նախորդ նիստից մնացած, որի ավարտից հետո արդեն կքննարկվի ԱԺ նախագահի առաջադրման հարցը և կդրվի քվեարկության: Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել Հովիկ Աբրահամյանի` ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին: Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

← Վերադառնալ ցուցակին