Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արեվելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը
24.04.2014
Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը
Մեծարգո՛ Նախագահ Զեման,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Զեմանին և չեխական իշխանություններին Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ այս հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հինգ տարի առաջ հենց այստեղ` Պրահայում, մեկնարկեց Արևելյան գործընկերություն կոչվող մեր համատեղ ճամփորդությունը, որն ընդլայնեց և լրացրեց համաեվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված Եվրոպական միության հետ մեր համագործակցության օրակարգը:
Հարգելի՛ բարեկամներ,
Այսօր ես Պրաhա եմ ուղևորվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսօր ես ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից:
Մենք հանձնառու ենք աշխարհի բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին և մշտապես ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները: ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանը նախաձեռնել և հեղինակել է մի շարք բանաձևեր՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի իրավական հիմքերի ամրապնդմանը:
Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների:
Այսօր, Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած հետապնդումներին և հալածանքներին, մերժում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կանգնում ճշմարտության կողքին: Սեփական պատմության հետ առերեսումը և դրա հետևանքների գիտակցումը հաշտեցման կարևոր գրավականն է: Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարևոր գրավական է նաև մարդկային շփումների խթանումը: Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է սահմանը:
Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք:
Հարգելի՛ գործընկերներ,
Համաեվրոպական արժեքներ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը:
Անցած հինգ տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար:
Արևելյան գործընկերության շրջանակներում առանցքային ձեռքբերում եմ համարում մարդկային շփումների խրախուսումը: Այս առումով ցանկանում եմ առանձնացնել մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի ապացույցն է քաղաքացիների միջև կապերը և փոխանակումներն ավելի խթանելու նպատակով նոր իրավական շրջանակների ձևավորումը: Ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը:
Պարո՛ն նախագահող,
Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արևելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել: Հայաստանը միացել է Արևելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման: Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ: