Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ
24.04.2014
Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները: Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հանդիպումները, որոնք, նրանց համոզմամբ, երկու երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության հավաստիքն են և զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ-վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը լայն հնարավորություններ է ընձեռնում երկու պետությունների միջև կառուցողական համագործակցության համար՝ նկատի առնելով Հայաստանի և Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը:
Խոսելով տնտեսական փոխգործակցության զարգացման մասին՝ նախագահներ
Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին կարևորել են տրանսպորտի և տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը:
Հայաստանի և Վրաստանի նախագահներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: