Լուրեր

Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

23.04.2014

 Ապրիլի 23-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի համապատասխան գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Լսումները վարում էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը:

Բացման խոսքում Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ, ի պատասխան ոլորտի հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնությանը, Ազգային ժողովի նախագահը առաջարկել էր անցկացնել խորհրդարանական լսումներ, լսել ոլորտի պատասխանատուների, պետական մարմինների, ԱԺ խմբակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիրքորոշումները եւ բարձրաձայնած հիմնախնդիրների վերաբերյալ հանգել որոշակի եզրակացությունների: Կորյուն Նահապետյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական լսումների ընթացքում կլինեն օգտակար հարցադրումներ եւ առաջարկներ, որոնք հիմք կդառնան ոլորտը կարգավորող նոր մեխանիզմների մշակման ու օրենսդրական դաշտի կատարելագործման համար:

Խորհրդարանական լսումների առաջին նիստում, որը վերաբերում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությանը եւ ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառմանը, զեկուցումներով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Հրայր Թովմասյանը հիմնականում անդրադարձավ ոլորտի օրենսդրական կարգավորման խնդրին: Նրա գնահատմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը իր սկզբունքներով խորհրդային տարիների կնիքն է կրում, եւ ՀՀ կառավարությունն արդեն նախաձեռնել է նոր օրենսգրքի մշակում, որտեղ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար նախատեսվող պատժամիջոցները, տուգանքները, դրանց չվճարման դեպքում նախատեսվող տույժերը կսահմանվեն՝ հաշվի առնելով միջազգային փորձը, խախտումների վիճակագրությունն ու դրանց պատճառները: Ըստ նրա՝ նոր մոտեցման նպատակը բացառապես կլինի խախտումների ու մարդկային զոհերի նվազեցումը:

Արթուր Օսիկյանի զեկուցումը հիմնականում խարսխված էր ԱԺ խմբակցություններին մտահոգող հարցադրումների վրա եւ վերաբերում էր տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի արձանագրած խախտումների վիճակագրությանը, խախտումների համար գանձվող գումարների չափին, վարորդների եկամուտների հետ դրանց ունեցած համաչափությանը, արձանագրված խախտումների արժանահավատությանը, սարքերի անճշտության համար հօգուտ վարորդի նախատեսված զիջումներին: Անդրադառնալով տուգանքների չափի եւ եկամուտների համաչափության խնդրին՝ Արթուր Օսիկյանը կարեւորեց դա, բայց միաժամանակ համոզմունք հայտնեց, որ տուգանքի մեծության չափը այնպիսին պետք է լինի, որ կանխարգելիչ նշանակություն ունենա: Ինչ վերաբերում է տեխնիկական սպասարկող սարքերի ներդրման քաղաքականության արդյունավետությանը, զեկուցողը հավաստիացրեց, որ տարեցտարի վերահսկող սարքերի ներդրման արդյունքում, չնայած տրանսպորտային միջոցների աճին, նվազում է մահացության ելքով պատահարների ու խախտումների թիվը:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրեց ԱՊՊԱ համակարգի ներդրման նպատակն ու արդյունավետության ցուցիչները, իսկ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ տնօրեն Ալիկ Զաքարյանը՝ ընկերության աշխատանքի առանձնահատկություններն ու ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:

Հիմնախնդրի վերաբերյալ ելույթ ունեցան նաեւ ԱԺ խմբակցությունների, պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք, նշելով կատարված աշխատանքի կարեւորությունը, միաժամանակ մտահոգություն հայտնեցին ոլորտում առկա բացթողումների, վարորդների շահերի խախտումների վերաբերյալ եւ առաջարկեցին դրանք բացառելու նպատակով կատարելագործել օրենսդրական դաշտը եւ օրենքի կիրառման համարժեք մեխանիզմներ ապահովել:

Խորհրդարանական լսումների երկրորդ նիստը վերաբերում էր ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպմանը:

Ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպման վերաբերյալ ելույթ ունեցավ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը ուսումնասիրել է ԱԺ խմբակցությունների հարցադրումները եւ սպառիչ պարզաբանումներ ներկայացրեց դրանց վերաբերյալ: Պարոն Արեյանը հիմնավորեց վճարովի ավտոկայանատեղերի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն քաղաքակիրթ աշխարհում ընդունված ձեւ է. մանրամասն ուսումնասիրվել է Մոսկվայի եւ Թբիլիսիի փորձը: Նա ներկայացրեց նաեւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման եւ կանոնակարգման մեխանիզմը: Փաստացի հավաքագրված գումարների մասով փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ «Ավտոտրանսպորտային միջոցների տեղական տուրքի մասին» օրենքի համաձայն՝ գանձվող տուրքը օրենքի ուժով սահմանված պարտադիր գանձույթ է եւ Երեւան համայնքի բյուջեի մաս է կազմում: Անդրադառնալով Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացնող ընկերություններին՝ պարոն Արեյանը նշեց, որ դրանք ընտրվել են մրցութային ճանապարհով: Նշվեց, որ վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպած փողոցների ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը Երեւանի ավագանու հաստատմամբ, բայց նախապես համաձայնեցնելով կառավարության կողմից լիազորված մարմնի հետ, որն այս դեպքում ՀՀ ճանապարհային ոստիկանությունն է:

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը նշեց, որ 2013 թ.-ի ընթացքում եւ 2014 թ.-ի առաջին եռամսյակում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումից ընկերության հասույթը համապատասխանաբար կազմել է 179 եւ 201 մլն դրամ՝ կանխատեսվող տարեկան 700 մլն դրամի փոխարեն: Այդուհանդերձ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի կողմից ստանձնած պարտականությունները կատարվում են պատշաճ եւ պայմանագրի երրորդ տարում կատարվելու են նույնքան ներդրումներ, ինչը, ընկերության ներկայացուցչի կարծիքով, կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը եւ կավելացնի վճարովի ավտոկայանատեղերից օգտվող տրանսպորտային միջոցների քանակը:

Հարցի առնչությամբ իրենց տեսակետներն արտահայտեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները, ոլորտի պատասխանատուները՝ ներկայացնելով վճարովի ավտոկայանատեղերի առավելությունները եւ թերությունները, անդրադարձան Երեւանի քաղաքապետարանի եւ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի միջեւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպման վերաբերյալ պայմանագրին եւ այլ խնդիրների:

Ամփոփիչ ելույթում Կամո Արեյանն անդրադարձավ հնչած առաջարկներին եւ դիտողություններին՝ նշելով, որ ոլորտը կարգավորման կարիք ուներ, եւ այս փուլում օրենքը հաջողված է: Նա ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

Ամփոփիչ ելույթներում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կազմակերպված լսումների ընթացքում հնչած շահագրգիռ քննարկումների եւ առաջարկների համար, որոնց ընթացքում բարձրացվեցին ոլորտում առկա խնդիրները եւ ներկայացվեցին դրանց լուծման մեխանիզմները:

← Վերադառնալ ցուցակին