Լուրեր

Կառավարությունն իր խոստման տերն է. կուտակայինին վերաբերող օրենքի նախագիծը խորհրդարանում է

23.04.2014

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Հոդվածի գործողությունը կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: «Այս հարցը մենք քննարկել ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, ներառյալ նաև Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը, նաև բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները – այս առնչությամբ ասել է Հովիկ Աբրահամյանը: - Մենք փորձել ենք հասկանալ կուտակայինի բարեփոխումների հետ կապված բոլոր դժգոհությունները, մտահոգությունները: Այսօր ես իմ դիրքորոշումը, մտահոգությունները, պատկերացումները տեղադրել եմ կառավարության կայքում, հանդես եմ եկել ուղերձով, որտեղ շատ հստակ ներկայացված են կառավարության դիրքորոշումները: Խնդրում եմ ծանոթանալ» (տե՛ս այստեղ):


Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է այլընտրանքային հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգերի ներդրման անհրաժեշտությամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի այս նախագիծը և անհրաժեշտ համարել դրա մանրամասներին ծանոթացնել ինչպես գործարար աշխարհի ներկայացուցիչներին, այնպես էլ հանրությանը: Նա հիշեցրել է, որ բիզնես միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է:
Կառավարության նիստում քննարկվել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հանել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը, ինչի շնորհիվ զգալիորեն կավելանա ներկրման ծավալը և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ մուտքեր կապահովվեն ՀՀ պետբյուջե: Կառավարությունն այս օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
ՀՀ կառավարությունն իր նիստում քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի գործողությունը դադարեցնելու օրինագծերը քննարկել երկու ընթերցմամբ, քանի որ դրանց երրորդ ընթերցմամբ քննարկելու անհրաժեշտություն որպես կանոն չի լինում: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Քննարկված հաջորդ օրինագիծը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծն է, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Արտակ Սարգսյանը և Արթուր Ստեփանյանը: Նրանք առաջարկում են ճշգրտել և առավել հստակեցնել վարձակալության պայմանագրի՝ վարձատուի պահանջով վաղաժամկետ լուծման հասկացությունը: Կառավարության եզրակացության համաձայն նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ընդունել ևս մեկ առաջարկություն. միայն այդ դեպքում գործադիրն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը միտված է տեխնիկական զննության կտրոնը ավտոմեքենայի դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնի դեպքում: Առաջարկվում է նաև տրանսպորտային միջոցի տեխզննման համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարով: Կառավարությունը նպատակահարմար չի համարում հին տրանսպորտային միջոցի տեխզննման ժամկետը հավասարեցնել նորի ժամկետին, ուստի նախաձեռնության հեղինակներին առաջարկում է համագործակցել կառավարության հետ և Ազգային Ժողով ներկայացնել մեկ միասնական, փոխընդունելի նախագծերի փաթեթ:
Նիստում քննարկվել է «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Օրինագծի նպատակը հեղինակները համարում են այդպիսի անձանց բացահայտումը, նույնացումը, ինչպես նաև օժանդակության ցուցաբերումը, պաշտպանության և սոցիալական վերաինտեգրման արդյունավետ և լիարժեք ապահովումը: ՀՀ կառավարությունը համակարծիքի է, որ նշված հարաբերությունները պետք է կարգավորվեն առանձին օրենքով: Այդ նպատակով դեռ 2007 թվականին ստեղծվել է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերի խորհուրդ: ՀՀ ոստիկանությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնականացման մասին» օրինագծի և ևս երկու օրենքների փոփոխության նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է հանրային քննարկման, իսկ բոլորովին վերջերս՝ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի նիստում հավանության է արժանացել և ներկայացվել ՀՀ Ազգային Ժողով: Ելնելով այս իրողությունից, նախագծի հեղինակներին առաջարկվել է համագործակցել կառավարության հետ և խորհրդարան ներկայացնել նախագծերի մեկ միասնական փաթեթ:
Գործադիրը քննության է առել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նրա առաջարկած փոփոխությունն ուղղված է բացառելու հատուկ ձևով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել և հիմնավորել այն: Մասնավորապես, նախագծով նախատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհամարվի անհամաչափ ծալված կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տարբերակելու միջոց:
Նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2013թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ առավել հրապարակային կդառնա Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:


Ընդունվել են մի շարք հրատապ որոշումներ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու օրենքի նախագծին:
Պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է մինչև ս.թ. ապրիլի 26-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները: ՀՀ ֆինանսների նախարարը պետք է դրանց հիման վրա լրամշակի հաշվետվությունը և մինչև ս.թ. ապրիլի 29-ը ներկայացնի կառավարություն:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է մինչև ս.թ. ապրիլի 26-ը կառավարություն ներկայացնել նշված օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ պաշտոնական եզրակացությունը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013թ. այդ ծրագրերի կատարման ընթացքի հաղորդումը, որի համաձայն բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 129 կազմակերպություն: Մեծածավալ ծրագրեր են իրականացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Արմենիա Լայթհաուս», «Տաշիր» բարեգործական հիմնադրամները, «Սիմոնյան» և «Այբ» կրթական հիմնադրամները և այլ կազմակերպություններ: 2013թ. ընթացքում հանձնաժողովի կողմից «բարեգործական» որակված ծրագրերով 48 երկրից Հայաստան է ներմուծվել 23.61 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռ: Կառավարությունը բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին հանձնարարել և Երևանի քաղաքապետին առաջարկել է վերահսկողություն սահմանել մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերով ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:
Հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2014թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խոր. մետր:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստի վճարման ծառայություն մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը, սահմանել, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ծառայություն մատուցելու պայմանագիր է կնքվում հիմք ընդունելով այդ օրինակելի ձևը: Նիստում հաստատվել են նաև վերը նշված դրամական ավանդների փոխհատուցման տրամադրման կարգը, հաշվառման դիմումի ձևը, դրա լրացման կարգը: Պատկան մարմինները մեկամսյա ժամկետում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին պետք է տրամադրեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ցուցակը՝ նշելով ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշմանդամության խումբը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել «Պետական գույքի կառավարման 2011-2013թթ. ծրագրի կատարման 2013թ. հաշվետվությունը»:
2014թ. մայիսի 13-ին «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի ծրագրով անվանի դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ Բեռլինի պետական նվագախմբի համերգի կազմակերպման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 120 մլն դրամ:


Հաշվի են առնվում Մաքսային միության օրենսդրության առանձնահատկությունները


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացման ժամանակացույցի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգման համակարգ, որը կհամապատասխանի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008թ. հունվարի 25-ի Համաձայնագրի պահանջներին: Առաջարկվում է օրենքն ուժի մեջ մտցնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման օրվանից:
Նիստում հավանության է արժանացել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Օրինագծի առարկան մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառության, նախնական և պարտադիր տեղեկության տնօրինման, տրամադրման, պարզեցված ընթացակարգերի կիրառման միջոցով արդյունավետ մաքսային հսկողության ստեղծումն է: Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքային ծրագրին: Որոշումն արտացոլում է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության շրջանակում տեղեկատվական համակարգերի զարգացմանը կամ ներդրմանն ուղղված աշխատանքի ապահովման միջոցառումները և դրանց իրականացման համար պահանջվող ծախսի մեծությունը:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտ է նորմատիվ իրավական ակտի ընդունման միջոցով սահմանել լիազոր մարմինների գործառույթները: Հաշվի առնելով այն, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին ՀՀ մաքսային օրենսգրքով արդեն իսկ վերապահված է արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը վարելու գործառույթ, կառավարությունն իր հաջորդ որոշմամբ ՀՀ և Մաքսային միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին է ճանաչել պետեկամուտների կոմիտեն և հաստատել փոխադարձ առևտրի վարման կանոնները:

ԱՊՀ երկրները համագործակցում են հումանիտար ականազերծման բնագավառում


Գործադիրը համաձայնություն է տվել հումանիտար ականազերծման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ձևավորել հումանիտար ականազերծման իրականացման բազմակողմ համագործակցության նորմատիվ իրավական բազա, մշակել կազմակերպական և տեխնիկական հարցերի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի կողմից ականազերծման համաձայնեցված համատեղ գործողությունների համադրման ընդհանուր մոտեցումներ:
ՀՀ կառավարությունը հաստատել է հակաականային գործողությունների ազգային չափորոշիչների կիրառման ուղեցույցը և մի շարք հարակից փաստաթղթեր: Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ տարածքում իրականացվող մարտական գործողությունների ժամանակ կիրառվող մարտավարություններից մեկը ականների տեղադրման միջոցով հակառակորդին հեռու պահելն էր: Ական էին տեղադրում ինչպես մեր ազատամարտիկները, այնպես էլ հակառակորդի զինվորները: Դրա հետևանքով այսօր Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը ենթակա են ականների ռիսկի: Կարելի է առանձնացնել մարդկանց կյանքի և առողջության սպառնալիքը, սոցիալ-հոգեբանական և տնտեսական խնդիրները: Սույն որոշման ընդունումը միտված է հակաականային գործողություններում ընդգրկված անձանց անվտանգությանն ու աշխատանքի արդյունավետությանը:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքների պահանջներին համապատասխան կառավարությունը ստեղծել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը: Նշված օրենքներով մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:


Այլ որոշումներ


Ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը դադարեցրել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, ինչը պայմանավորված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ:
Կառավարությունն իր որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակել արտահերթ ընտրություն, հոգացել ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը:

← Վերադառնալ ցուցակին