Լուրեր
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
22.04.2014

Ապրիլի 22-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որը փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում հատուկ բանկային հաշիվների համար համապատասխան իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ: Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, կարգավորելով բանկային հաշվի հետ կապված հարաբերությունները, չի նախատեսում որոշակի առանձնահատկություններ այնպիսի հաշիվների համար, ինչպիսիք են սոցիալական փաթեթի հաշիվները, էսքրոու հաշիվները, անվանատիրոջ հաշիվները, նոտարի դեպոզիտ հաշիվները: Ըստ Ներսես Երիցյանի՝ հատուկ հաշիվների օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցներին առավել լայնորեն, ինչպես նաեւ առավել արդյունավետ եւ ապահով օգտվել հատուկ հաշիվներից:
Ներսես Երիցյանը ներկայացրեց նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը նշեց, որ ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա ստեղծելու սպառողների պաշտպանության ռեալ մեխանիզմներ, բարձրացնելու ապահովագրական ընկերությունների միջեւ մրցակցությունը եւ իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծերի փաթեթներին նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար: