Լուրեր

Մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը

13.04.2014

 Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն գրասենյակ են ժամանել կուսակցության ԳՄ անդամներ, ՀՀ վարչապետի հրաժարական ներկայացրած, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նախարարների պաշտոնակատարներ Արմեն Աշոտյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նիստը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Գործադիր մարմնի նիստին կհաջորդի գործադիր խորհրդի նիստը, որից հետո կհայտարարվի ՀՀ 13-րդ վարչապետի անունը:

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը հետեւյալ գրառումնէ կատարել Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն` հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին