Լուրեր
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծերի Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգում կանցկացվի միջազգային չափանիշներով
10.04.2014
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, հավանության է արժանացել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող ստուգումներն համապատասխանեցնել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին՝ ապահովելով դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը:
Նիստի հավանությունն է ստացել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը թելադրված է տեսչական բարեփոխման իրականացման շրջանակում քաղաքաշինության ոլորտի առանձնահատկություններն հաշվի առնելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի և կհստակեցվի քաղաքաշինության ոլորտում Քաղաքաշինության պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման իրականացման գործառույթը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ մաքսային և ՀՀ քրեական օրենսգրքերում, «Փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է նշված հանցագործությունների կատարման համար ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել:
Նիստում հավանություն է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ մաքսային օրենսգրքերում, ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Նախագծով առաջարկվում է կանոնակարգել հյուպատոսական հաշվառման ոլորտը՝ այն դարձնելով հանրամատչելի և դյուրին գործընթաց: Քաղաքացիները կկարողանան հյուպատոսական հաշվառման ենթարկվել ցանկացած վայրից՝ մուտք գործելով համապատասխան էլեկտրոնային կայք:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: