Լուրեր
Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս
08.04.2014
Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության պետությունների խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսին:
Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետությունը մեծ ծավալի աշխատանք է տարել եւ հարուստ փորձ կուտակել Եվրամիության հետ վերջին տարիների ընթացքում ծավալված համագործակցության արդյունքում: Հայաստանի որոշումը` միանալու Մաքսային միությանը, ամենեւին չի նշանակում Եվրամիության եւ եվրոպական կառույցների հետ համագործակցության թուլացում կամ դադարեցում: Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, եւ մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: 2013 թ. Վիլնյուսյան գագաթաժողովում ընդունված համատեղ հայտարարությամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը եւ առաջիկայում նախատեսվում են աշխատանքներ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձեւավորման շուրջ»:
Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության եւ բազմադարյա բարեկամության ամուր կապերը: Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջեւ ծառացած մարտահրավերները»:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների եւ, մասնավորապես, ԼՂ հիմնախմնդրի մասին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո եւ միջազգայնորեն ճանաչված 3 սկզբունքների շրջանակում. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: «Հայաստանը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ: Հայաստանը երբեւէ չի պաշտպանել միջազգային որեւէ փաստաթուղթ, որում ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասվել է տարածքային ամբողջականության սկզբունքին: Հարկ եմ համարում շեշտել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներից մեկը»: