Լուրեր

Կայացել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը

04.04.2014

 Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության, ինչպես նաև «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները:
Մինչ պարգևատրման պաշտոնական արարողության մեկնարկը ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմեր այս մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված կանանց մասին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շնորհավորել է մի շարք անվանակարգերում հաղթողներին և նրանց հանձնել ՀՀ վարչապետի պատվոգրերը: Մասնավորապես, «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող են ճանաչվել «Իզոտեխ» ընկերության հիմնադիր Գոհար Հարությունյանը՝ Երևանից և «Գորիսի միկրոշարժիչ» ընկերության հիմնադիր Սոնա Բալասանյանը՝ ՀՀ Սյունիքի մարզից, «Լավագույն կին նորարար» անվանակարգում՝ «Արթ սուիթ» ընկերության հիմնադիր-տնօրեն Նաիրա Բալասանյանը՝ Երևանից և «Բոնուս առևտրի կենտրոնի» տնօրեն Լիանա Գրիգորյանը՝ ՀՀ Վայոց ձորի մարզից, «Լավագույն կին բարեգործ» անվանակարգում՝ «Արտ Բրիջ» ընկերության հիմնադիր-տնօրեն Շաքեհ Հավան Կարապետյանը՝ Երևանից և անհատ ձեռներեց Այծեմնիկ Օհանյանը՝ ՀՀ Լոռու մարզից, «Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում՝ «Կառա ընդ կո» ընկերության հիմնադիր Կարինե Ավետիսյանը՝ Երևանից և «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ընկերության տնօրեն Վիկտորիա Ասլանյանը՝ ՀՀ Արագածոտնի մարզից, «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում՝ «Գանգես» ընկերության հիմնադիր-տնօրեն Մարինե Ներսիսյանը՝ Երևանից և անհատ ձեռներեց Էմմա Մարգարյանը՝ ՀՀ Արմավիրի մարզից, «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում՝ «ԵՎԱՍ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արմինե Մուրադյանը՝ Երևանից և անհատ ձեռներեց Նուբար Սահակյանը՝ ՀՀ Տավուշի մարզից:
ՀՀ վարչապետի պատվոգրերին են արժանացել նաև «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության «Լավագույն գյուղական համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն քաղաքային համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգերում համայնքի ավագանու կազմում կանանց և տղամարդկանց հարաբերակցություն ցուցանիշով հաղթող ճանաչված քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Մասնավորապես, «Լավագույն քաղաքային համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքը, 2-րդ և 3-րդ տեղերում՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքները, իսկ «Լավագույն գյուղական համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղական համայնքը, 2-րդ և 3-րդ տեղերում՝ ՀՀ Արմավիրի մարզի Արևաշատ և ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղական համայնքները: Ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու համար խրախուսական մրցանակների են արժանացել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի ղեկավար Կարինե Մարտիրոսյանը, ՀՀ Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանը և ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքի ավագանու անդամ Թագուհի Մարգարյանը:
Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը և նախաձեռնողությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու նպատակով խրախուսական պատվոգրեր, հատուկ նվերներ և մրցանակներ են հանձնել նաև միջազգային մի շարք կազմակերպություններ` ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը (USAID/PRP), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակը (UNHCR), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը (UNIDO), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ասիական զարգացման բանկը (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակը (EBRD/BSO), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի «Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրական գործունեության օժանդակություն» ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագիրը (USAID/EDMC):
«Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն գաղափար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հ2» հ/ը լրագրող Արփինե Թամրազյանը, «Լավագույն լրագրողական աշխատանք» անվանակարգում՝ «ՄԻՐ» հ/ը լրագրող Իրինա Մկրտչյանը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» անվանակարգում՝ «ԱՐ» հ/ը լրագրող Կարեն Խաչատրյանը, «Նախաձեռնող կնոջ կերպար» անվանակարգում՝ «Hetq.am» լ/կ լրագրող Երանուհի Սողոյանը և «Անսպասելի կին հերոս» անվանակարգում՝ «News.am» լ/կ լրագրող Ինգա Մարտինյանը: Հաղթող բոլոր լրագրողներին արժանացել են ՀՀ վարչապետի պատվոգրերի և պարգևատրվել հայկական արտադրության ԱրմԹաբ պլանշետներով: Հատուկ մրցանակ է շնորհվել նաև «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության լրագրող Անի Ստեփանյանին:
ՀՀ փոխվարչապետը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել արդյունավետ աշխատանքի համար:

← Վերադառնալ ցուցակին