Լուրեր

Կառավարությունը ձեռնարկում է Արարատյան ջրավազանում ստեղծված բնապահպանական բարդ իրավիճակի հաղթահարման միջոցներ Ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը կնվազեցվի մինչև 1/3 չափի հասն

03.04.2014

 Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ: Այսօրվա որոշմամբ կառավարությունը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, խստացրել է այդ հսկողությունը, ինչն էլ կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը և կիրառմանը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը»: Փաստաթղթով արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը. նշված մարզերի համայնքների ղեկավարները չպետք է տրամադրեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի շինարարական թույլտվություն: Որոշմամբ հաստատված կարգի համաձայն տրված են ապօրինի շահագործվող, չշահագործվող, լուծարման և կոնսերվացման ենթակա հորատանցքերի, ինչպես նաև դրանց առնչվող անձանց ու կատարվող գործողությունների սահմանումները, ինչն էլ թույլ կտա այդ գործողություններն իրականացնել առանց տարաբնույթ մեկնաբանությունների: Ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի և կգնահատի մինչև 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը և կգործի մինչև 2014թ. օգոստոսի 1-ը:
Այս համատեքստում գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» և ևս երկու օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի մակերևութային և ստորերկրյա ջրերի առանձնահատկությունների հստակեցմանը, մասնավորապես՝ կապված ջրային հաշվեկշռի, ջրային պաշարի մոնիթորինգի, ջրի պաշարի պետական կադաստրի, ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ: Օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այս տարի նվազել է ոչ միայն արտեզյան հորիզոնների և Սև ջրի ջրատվությունը, այլև ջրամբարներում ևս ջրի բավարար քանակություն չի կուտակվել: Դրա հետևանքով, մասնավորապես Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում, առաջացել է լրացուցիչ ֆինանսական պարտավորություն՝ էլեկտրաէներգիայի մեծացած ծախսի վճարումը: Կառավարությունն իր որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք օտարելու շնորհիվ առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ հատկացրել է «Սևան- Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին՝ բարելավելով ընկերության ֆինանսական վիճակը:

← Վերադառնալ ցուցակին