Լուրեր

ՀՀԿ-ն վարչապետի նոր թեկնածուի հարց չի քննարկել

03.04.2014

 Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում վարչապետի նոր թեկնածուի և նոր կառավարության հարց չի քննարկվել: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Նոր կառավարության հարց չի քննարկվել, քանի որ, ըստ մեր Սահմանադրության, ՀՀ Նախագահը պետք է խորհրդակցություններ իրականացնի թե' քաղաքական մեծամասնության, թե' Ազգային ժողովում ներկայացված քաղաքական խմբակցությունների հետ, և դրանից հետո արդեն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, նա կնշանակի նոր վարչապետ և նոր կառավարություն»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում նոր թեկնածուի հարցը չի քննարկվել: «Մենք միայն լսել ենք Տիգրան Սարգսյանին, ով ներկայացրեց իրհրաժարականի պատճառները»,- նշեց նա: Հարցին, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը կարող է ինչ-որ կերպ խոչընդոտել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը՝ Շարմազանովը պատասխանեց, որ նման բան չի կարող լինել: «Դա մեր քաղաքական որոշումն է, և մենք կարծում ենք, որ սահմանված ժամկետներում Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի կողմից: Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն, հաշվի առնելով, որ ընթանում էին Մաքսային միությանն անդամակցության շուրջ բանակցությունները, ՀՀԿ միջազգային տնտեսական կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները, ՀՀ Նախագահը նրան խնդրել է շարունակել կատարել իր պարտականությունները:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հրաժարական ներկայացնելը եղել է Տիգրան Սարգսյանի անձնական որոշումը:

Աղբյուրը՝ armenpress.am

← Վերադառնալ ցուցակին