Լուրեր

ՄԱԿ-ի որոշմամբ հայտարարված Ընտանիքի տարվա միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանում Հավանության է արժանացել կնոջ և տղամարդու իրավահավասարությանը միտված միջոցառումների ծրագիրը

03.04.2014

 Հիմք ընդունելով 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու Միավորված Ազգերի Կազմակերպության որոշումը, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում մեր երկրում Ընտանիքի տարի է հայտարարել 2014թ. ապրիլի 7-ից 2015թ. ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը: Գործադիրը նույն որոշմամբ հաստատել է Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը, դրանց կատարումը վերապահել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի ղեկավարներին: Փաստաթղթի նախագիծը մշակել են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհուրդը՝ ՀՀ նախարարությունների, Կանանց հանրապետական խորհրդի և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկների հիման վրա:
Երկու այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել կնոջ և տղամարդու իրավահավասարության քաղաքականության, սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014թ. միջոցառումների տարեկան ծրագրերին: Պաշտոնական վիճակագրության տվյալներով Հայաստանում պահպանվում է կանանց հանդեպ քողարկված խտրականությունը: Այսօր սեռի հատկանիշով բռնության հիմնախնդիրը դեռևս մնում է արդիական: Հայաստանի աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, գործազրկությունը, անօրինական միգրացիան, անկատար իրավական դաշտը հանգեցնում են սեռի հատկանիշով բռնության աճի: Ակնկալվում է, որ ընդունված որոշումները նպաստելու են կնոջ և տղամարդու իրավահավասարության գիտակցմանը և սեռի հատկանիշով բռնության կանխարգելմանը:
Ս.թ. պետբյուջեի և կառավարության նախորդ որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը մտադիր է ապահովել Գյումրի քաղաքում կառուցված 1756 բնակարանի և Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2014թ. կառուցվելիք մոտ 1300 բնակարանի ձեռք բերման, նշված 1300 բնակարանի, ինչպես նաև 2010-2012թթ. ընթացքում բաշխված, սակայն դեռևս չմասնավորեցված մոտ 2000 բնակարանի նվիրատվության պայմանների կնքման գործընթացների, ծրագրի արդյունքների ամփոփման, գնահատման և վերլուծության աշխատանքի իրականացումը: Այդ նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է ավելի քան 10 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ Հայաստանի հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների սոցիալական և կենցաղային խնդիրների լուծման նպատակով այդ բնակիչներից ևս 15-ին նվիրաբերվել են նրանց զբաղեցրած տարածքները:

← Վերադառնալ ցուցակին