Լուրեր
ՄՄ քաղաքացիները միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան. Տատյանա Վալովայա
29.03.2014
Մաքսային միության հիմնական բաղադրիչը թեև տնտեսականն է, սակայն միության մեջ կկարևորվեն աշխատուժին, ծառայություններին և կապիտալի շուկային վերաբերող հարցերը։ Այս մասին Երևանում անցկացվող «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։ «Երկար քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ բացի առևտրային հարաբերություններից մեզ համար առաջնահերթություններ են նաև այլ հարցեր։ Նախ միության տարածքում աշխատուժը պետք է կարողանա տեղաշարժվել առանց որևէ քվոտաների։ Դրա համար պետք է լուծվեն նաև սոցիալական մի շարք հարցեր, որ վերաբերում են առողջապահությունը, կրթությանը, կենսաթոշակներին։ Մեր քաղաքացիները բնակություն հաստատելով միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան։ Միևնույն ժամանակ պետք է կարգավորվի ծառայությունների ոլորտը, իսկ կապիտալի շուկան այն հիմնական ոլորտներից է, որ պետք է միության տարածքում զարգանա ավելի արագ, քան մյուս ոլորտները։ Մենք ներկայում արդեն նախատեսում ենք, որ 2015-ին կստեղվի ֆինանսական շուկա, որն էլ թույլ կտա ֆինանսական կառույցներին արագ զարգանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԵՏՀ կոլեգիայի անդամը։
Տատյանա Վալովայան խոստովանեց, որ վերջին շրջանում աշխատանքայի խմբերում ընթանում են սուր և թեժ քննարկումներ, սակայն վստահեցրեց, որ հայ գործընկերները դրանց լիիրավ անդամներ են և նրանցից ոչինչ չի թաքցվում։ «Նրանք մասնակիցն են այն գործընթացների, որ ընթանում են։ Մեր ներքին խոհանոցում ընթացող քննարկումները բաց և ազնիվ են։ Սուր քննարկումները հիմնականում ընթանում են երկու հարցերի շուրջ՝ տնտեսական և ինստիտուցիոնալ։ Մեր խնդիրն է այժմ պահպանել բալասնը անդամ պետությունների միջև՝ չվնասելով դրանց հետաքրքրություններին»,-ասաց Վալովայան։