Լուրեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
27.03.2014
«Ջերմորեն շնորհավորում եմ թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Այսօրվա արվեստը չեմ պատկերացնում առանց մարդկության պատմության մեջ վաղնջական ժամանակներից հիշատակվող թատերարվեստի: Որպես արվեստի հնագույն եւ դասական տեսակ՝ թատրոնն իր անգնահատելի դերն ունի սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր հարստացման եւ մնայուն արժեքների պահպանման գործում: Հպարտ եմ, որ հայ թատրոնն այս առումով իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային թատրոնի պատմության մեջ:
Այսօր մեր թատրոնում աշխատում են մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ եւ ջանասիրությամբ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունը: Այդ նվիրյալների շնորհիվ է, որ մենք հայտնվում ենք այն կախարդական ու խորհրդավոր աշխարհում, որը ծնունդ է առնում թատրոնում:
Ի սրտե շնորհավորում եմ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով առողջություն ու ստեղծագործական նոր ձեռքբերումներ եւ դրանք իրականացնելու անսպառ եռանդ»: