Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
27.03.2014
Թատերարվեստի սիրելի գործիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Հայ թատրոնը դարեր շարունակ հանդիսացել է հայոց մշակույթի ամուր սյուներից մեկը՝ միաժամանակ իր նշանակալի ավանդը բերելով համաշխարհային բեմարվեստի զարգացման գործին: Հայազգի բազմաթիվ տաղանդավոր դերասաններ ու ռեժիսորներ ոչ միայն մեր ժողովրդի, այլև աշխարհի շատ ժողովուրդների հպարտությունն են: Այսօր էլ բեմարվեստի մեր մշակները արժանիորեն շարունակում են թատերական մեր լավագույն ավանդույթները, ստեղծում նոր արժեքներ՝ նոր լիցք ու թարմություն հաղորդելով մեր մշակութային կյանքին: Համոզված եմ, որ նոր անուններ ու հպարտանալու առիթներ դեռ շատ ենք ունենալու:
Վստահեցնում եմ, որ մշակութային կյանքը Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է: Մենք շարունակելու ենք հոգ տանել յուրաքանչյուր լավ արվեստագետի համար: Ես հպարտ եմ, որ մեր քաղաքում կան տաղանդավոր մարդիկ, և ես նրանց ժամանակակիցն եմ, արվեստի ականատեսն ու երկրպագուն:
Սիրելի՛ բարեկամներ, ստեղծագործական նոր վերելք ու նվաճումներ եմ մաղթում բոլորիդ: Առողջ եղեք և շարունակեք արարել հանուն մեր ժողովրդի, մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի: