Լուրեր

2014թ-ին մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850 հեկտարի

17.03.2014

 Մայրաքաղաքում մեկնարկել են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Երևանի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Ծառերի էտմանը զուգահեռ՝ թարմացվում են սիզամարգերը: Կանաչ գոտիների հողային շերտը բարելավելու նպատակով ընթացիկ տարում կներկրվի 16000 խմ բուսահող, իսկ ձևավորված ծառերի և տնկարկների աճի ու կենսունակության ապահովման համար արդեն իսկ ներկրվել է 7 տոննա պարարտանյութ և 10 տոննա կիր:
2014թ. ծրագրով Երևանի ծաղկային տարածքների ընդհանուր մակերեսը կհասնի 6.2 հա-ի, մայրաքաղաքը կզարդարեն 2 մլն 300 հազար ծաղիկներ, այդ թվում՝ 40 հազար վարդ և 650 հազար կակաչ: Ծառատունկերի ընթացքում մայրաքաղաքում կտնկվի նաև շուրջ 5000 գնդաձև ակացիա և 1500 թույա: Կանաչ տարածքները պահպանելու նպատակով այս տարի մայրաքաղաքի ոռոգման ցանցը կընդլայնվի ևս 23 կմ-ով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների առջև խնդիր է դրել հետևողական աշխատանք տանելու կանաչ տարածքների ընդլայնման ու պահպանման ուղղությամբ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով, հանձնարարված է կանաչապատման նախագծերը համաձայնեցնել նաև Երևան քաղաքի գլխավոր դիզայների հետ: Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու մասով հաշվի կառնվեն նաև Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ: 2014 թվականի՝ Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագիրն իրագործելու շնորհիվ ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

← Վերադառնալ ցուցակին