Լուրեր

Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը

12.03.2014

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմենովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտին հասցնել մինչև 2014 թ. մարտի վերջ:
Տիմուր Սուլեյմենովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության և աշխատանքային խմբերի գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

← Վերադառնալ ցուցակին