Լուրեր

Երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքային տարբեր ծրագրերին

12.03.2014

 Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին երիտասարդության ակտիվ ներգրավածությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը 2013 թվականի ընթացքում նախաձեռնել և իրականացրել է մի շարք ծրագրեր:
Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում խորհրդի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման ուղղությամբ: 2013-ին Երևանի տարբեր հատվածներում տեղադրված գրքի տաղավարներում հավաքված շուրջ 6000 կտոր գրականությունն ուղարկվել է սահմանամերձ գյուղերի գրադարաններ և զորամասեր: Հաջողված այս ծրագրին հաջորդեց առաջարկների տաղավարների ծրագիրը: Ծրագրի ընթացքում քաղաքացիների կողմից ստացված առաջարկների մի մասն ընդգրկվեց 2014թ. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրում, որոշ մասն էլ որպես ընթացիկ աշխատանքներ են իրականացվում: Ի դեպ, երիտասարդության հարցերի խորհրդի ծրագրերում ներգրավել և առաջարկներ ներկայացնել կարող է յուրաքանչյուր երիտասարդ:
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում գործում է նաև երիտասարդության հարցերի խորհրդի էջը: 2013թ. ընթացքում երիտասարդների կողմից այդ էջն ստացել է ավելի քան 1000 հարց և առաջարկություն: Բարձրացված բոլոր հարցերը ստացել են համապատասխան ընթացք և կարգավորվել: Խորհրդի ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբեր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Խորհրդի անդամներն ու հարյուրավոր կամավորներ աշխուժորեն ներգարվված են եղել նաև մշակութային տարբեր ծրագրերում, այդ թվում՝ «Էրեբունի - Երևան 2795» տոնակատարության կազմակերման և անցկացման, Մարտի 8-ի միջոցառումներին: 2014 թվականի ծրագրերում ընդգրկված է նաև մեծ հեծանվավազքի կազմակերպումը Երևանում:
2013թ. հիմնված «Բանավեճի ակումբ»-ի ծրագրում նախորդ տարի ընդգրկված 20 թիմերի համեմատ արդեն այս տարի 35 թիմ է մասնակցելու: Հիմնադրվել և գործում է նաև «Կամավորների բանկ» ծրագիրը, որի շրջանակում տարբեր մասնագիտության տեր երիտասարդների հնարավորություն է ընձեռվում գործընկեր կամակերպություններում խորացնելու մանագիտական գիտելիքներն ու հմտությունները:
Նշենք, որ կամավորական սկզբունքով գործող խորհրդի կազմում ներառված է երիտասարդական 20 կառույց, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ: Երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսում է ստեղծել նաև երիտասարդների հետ համատեղ ծրագրերի իրագործման նոր և առավել ընդգրկուն հարթակ:

← Վերադառնալ ցուցակին