Լուրեր
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում
11.03.2014
Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում գրական, երաժշտական միջոցառում էր կազմակերպվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում: Հանդիսությանը ներկա է գտնվել նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով, ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու է դպրոցներին ու մանկապարտեզներին:
Կրթօջախի սաների ուժերով ֆրանսերեն և հայերեն կազմակերպված ցերեկույթի ընթացքում անդրադարձ է եղել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, անդամ և համագործակցող երկրներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին ու մշակութային կապերին: Դպրոցի երգչախմբի անդամները կատարել են նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երևանի քաղաքապտարանի ենթակայության ավելի քան 40 դպրոցներում: