Լուրեր

Հայաստանի վարչապետն ընդունել է Սերբիայի արտգործնախարարին

10.03.2014

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:
Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է պատմական փաստերով, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնել այդ հարաբերությունները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, տնտեսական համագործակցության խորացումը և համապատասխանեցումը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է մարտի 11-ին Երևանում հայ-սերբական գործարար համաժողովի անցկացումը, որը թույլ կտա բացահայտել գործակցության նոր հեռանկարներ:
Սերբիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Սերբիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել հնարավորինս լավագույն հարաբերություններ: Իվան Մրկիչը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու տնտեսական կապերի ակտիվացմանը և դրանք քաղաքական համագործակցության մակարդակին բարձրացմանն ուղղված քայլերը: Նա կարևորել է համապատասխան իրավական դաշտի ձևավորումը և նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ այսօր արդեն ստորագրվել է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի վարչապետը տեղեկացրել է Սերբիայի արտգործնախարարին, որ մեր երկիրը որդեգրել է «բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լավ հնարավորություն է Երևան-Բելգրադ օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու համար: Պարոն Մրկիչը ողջունել է այդ գաղափարը՝ ընդգծելով, որ դա կխթանի զբոսաշրջության զարգացումը, գործարար շփումների ակտիվացումը և ներդրումների խրախուսումը:

← Վերադառնալ ցուցակին