Լուրեր

Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

10.03.2014

Մարտի 10-ին Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով:

Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունեց նախորդ նիստում քննարկված, պատգամավորների մեկ երրորդի կողմից ներկայացված «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը եւ դրա հետ առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում է ստեղծել նոր մարմին՝ միասնական քննչական կոմիտե՝ նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը եւ նախաքննության առավել արդյունավետ իրականացումը ապահովելու նպատակով:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ պայմանավորվածության համաձայն՝ հանձնաժողովի առաջարկները նախագծում կներառվեն մինչեւ երկրորդ ընթերցում:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ստեղծվող մարմնում անհրաժեշտ է ստեղծել ներքին մասնագիտացում, ինչը պետք է ամրագրել օրենքում, կարգապահական հանձնաժողովի կազմում պետք է ներգրավել ոչ թե տիտղոսավոր, այլ փորձառու մասնագետների, անընդունելի համարեց օպերատիվ հետախուզական ծառայության բացակայությունը եւ կարեւորեց քննիչների նշանակման արդյունավետ մեխանիզմի ներդրումը: Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ խմբակցության դիրքորոշումը պայմանավորված կլինի նրանով, թե կառավարությունը ինչքանով հաշվի կառնի իրենց առաջարկները:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը եւ հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը, կարեւորելով շահագրգիռ քննարկումները, նշեցին, որ մինչեւ երկրորդ ընթերցում հանձնաժողովում մեկ անգամ եւս կքննարկվեն առաջարկները, եւ դրանց հաշվառումով կբարելավվի օրինագիծը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը բաշխվել են սահմանակից գյուղական համայնքների միջեւ, իսկ քաղաքային համայնքների վարչական սահմաններում հողեր չեն ընդգրկվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքում տարածված է անասնապահությունը, իսկ Ապարան քաղաքային համայնքը չունի անհրաժեշ արոտավայրեր, նախագծով նախատեսվում է Վարդենիս եւ Նիգավան գյուղական համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողամասերն ընդգրկել Ապարան քաղաքային համայնքի վարչական սահմաններում: Վարդենիս եւ Նիգավան համայնքները տվել են իրենց համաձայնությունները` համապատասխանաբար 180.26 եւ 759.22 հա հողամասերը Ապարան քաղաքային համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու համար:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ, Զառիթափ եւ Արտավան գյուղական համայնքների վարչական սահմաններում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Զառիթափ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի մի մասը Գնդեվազ համայնքի բնակիչների սեփականությունն է: Զառիթափ համայնքը տվել է իր համաձայնությունը՝ 38.8 հա հողամասը Գնդեվազ համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու համար:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը ներկայացրեց օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա նշեց, որ վիճահարույց խնդիրներ չկան եւ օրենքում կատարված փոփոխությունները կատարված են ՀՀ Սահմանադրության համաձայն:

ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը ներկայացրեց իր հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ կատարված երեք փոփոխությունները պայմանավորված են երկրի մշակութային եւ ստեղծագործական բնագավառներում կազմակերպությունների նպատակային գործունեությունը խթանելու, հասարակական կազմակերպությունների փորձն ու ներուժը մշակութային զարգացումներին ուղղելու եւ վերջիններիս դերն ու կարգավիճակը որոշակիացնելու միտումով?

Նա նշեց, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունումով հասարակական կազմակերպությունները կորցրեցին «միություն» անվանումը կրելու իրավունքը? Օրենսդրական նախաձեռնությամբ թույլատրվում է օգտագործել «միություն» բառը:

Համաձայն գործող օրենքի՝ կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս: Նախագծով առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով՝ դրանով հնարավորություն տալով իրագործել նախատեսված ծրագրերը եւ ջանքերը կենտրոնացնել նպատակային գործունեության վրա: Հերթական ժողովի անցկացման պարբերականության փոփոխությունը առաջացնում է ժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերի պահպանման ժամկետի վերանայում, ուստի առաջարկվում է 3 տարին փոխել 5 տարով:

Գլխադասային՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանդես եկավ հարակից զեկուցմամբ՝ ընդունելի համարելով կատարված փոփոխությունները եւ տեղեկացնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությունների մասին հայեցակարգ է մշակում, որով ամբողջովին կկանոնակարգվի ՀԿ-ների գործունեությունը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի հետ կապված բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխությունները: ԱԺ նախագահը կարեւորեց Ազգային ժողով-հասարակական կազմակերպություններ համագործակցությունը՝ կոչ անելով ԱԺ մարմիններին էլ ավելի ակտիվացնելու այդ համագործակցությունը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Նաիրա Կարապետյանի, Տաճատ Վարդապետյանի, Լեւոն Մարտիրոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Գովազի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց համահեղինակ Սամվել Ֆարմանյանը:

Նախագծով զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներին հնարավորություն է տրվում երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 06:00-ը ցուցադրելու թունդ ալկոհոլային խմիչքների գովազդ: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի հիմքում ընկած է այն հիմնավորումը, որ նշված ժամերին բնակչության անչափահաս հատվածը չի դիտում հեռուստատեսություն, եւ Հայաստանի Հանրապետությունում սպառվող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերությունները, գործող օրենքի սահմանափակումներով պայմանավորված, մեր երկրի համար չեն նախատեսում գովազդային բյուջեներ: Բացի այդ, գործող օրենքով զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքներից առանց որեւէ սահմանափակման թուլյատրվում է միայն կոնյակի գովազդը: Նման փոփոխությունը նպատակ ունի գովազդի շուկայում օրեսնսդրորեն ամրագրելու կոնյակի տեղական արտադրությունը խթանելու պետական քաղաքականությունը:

Հարցի քննարկումը Ազգային ժողովը կշարունակի մարտի 11-ի ԱԺ նիստում: 

← Վերադառնալ ցուցակին