Լուրեր

Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ

06.03.2014

Մարտի 6-ին Ազգային ժողովում տեղի ունեցան ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման եւ հարավամերիկյան ցեցի դեմ տարվող պայքարի միջոցառումնեը Արարատի եւ Արմավիրի մարզերում» թեմայով:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը հետեւելու նպատակով մարզեր այցելելուց հետո որոշվեց կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ հրավիրել կառավարության համապատասխան անդամների, մարզպետների եւ համայնքների ղեկավարների՝ գյուղացիներին հուզող հարցերին լուծում տալու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր զեկույցում նշեց, որ 2011թ.-ից ՀՀ Նախագահը գյուղատնտեսության ոլորտը հռչակել է գերակա: Նախարարը ներկայացրեց ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները եւ առաջիկա ծրագրերը: Նախորդ տարիներին սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրով Հայաստան են ներկրվել աշնանացան ցորեն եւ գարնանացան կերի մշակաբույսեր, որոնք գյուղացիական տնտեսություններին տրամադրվել են մատչելի գներով: Այս տարվա գարնանացանի համար արդեն ներկրվել է 1990 տոննա եւ պատրաստվել է 150 տոննա տեղական սերմ: Տարվում են բաշխման նախապատրաստական աշխատանքները: Սերգո Կարապետյանը ներկայացրեց նաեւ մատչելի գներով ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերի տրամադրման աշխատանքների ընթացքը: Նա նշեց, որ պարարտանյութերը գյուղացուն տրամադրվում են անհամեմատ ցածր արժեքով: Նախարարը խոսեց նաեւ սուբսիդավորված վարկերի ծրագրի մասին եւ փաստեց, որ այս ծրագրի արդյունքում հնարավոր եղավ գյուղատնտեսության ոլորտում ապահովել տնտեսական աճ, ավելացնել մշակվող հողերի ծավալը եւ բերքատվությունը: Խոսելով անասնապահության մասին՝ նա նշեց, որ վերջին երեք տարիներին էական զարգացում է նկատվում այս ոլորտում, սակայն ավելանում է արտադրանքը, բայց կա իրացման խնդիր: Նախատեսվում է ստեղծել կաթ արտադրողների, մսամթերք վերամշակողների միություններ, որպեսզի տարվող աշխատանքը լինի արդյունավետ: Գյուղատնտեսության նախարարը մատնանշեց նաեւ ոլորտի հիմնախնդիրները՝ առաջնահերթ համարելով գյուղտեխնիկայի պարկի թարմացումը, հատկապես հացահատիկահավաք կոմբայնների ձեռքբերումը: Նա փաստեց, որ Բելառուսի հետ կնքվել է պայմանագիր եւ համարյա ինքնարժեքով ձեռք է բերվել 120 տրակտոր եւ 150 այլ գյուղգործիք, որոնք լիզինգային վճարումով տրվել են գյուղացիական տնտեսություններին: Ամփոփելով իր զեկույցը՝ Սերգո Կարապետյանը կարեւորեց գյուղացիական կոոպերացիաների ստեղծումը եւ զարգացումը, քանի որ դրանց շնորհիվ արդյունավետորեն են լուծվում բերքի, արտադրանքի մթերման եւ իրացման հարցերը: Գյուղատնտեսության նախարարին ուղղված հարցերը վերաբերում էին սուբսիդավորված գյուղացիական վարկերին, տրամադրվող պարարտանյութերին:

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, անդրադառնալով հակակարկտային կայանների տեղակայմանը, նշեց, որ աշխարհի 168 երկրներ ստորագրել են պայմանագիր՝ ճգնաժամային կառավարման կենտրոն ունենալու մասին, որի արդյունքում Հայաստանի յուրաքանչյուր մարզ նույնպես ունենալու է իր կենտրոնը: Նա նշեց, որ մինչեւ ապրիլի 15-ը 50 հակակարկտային համակարգ կտեղադրվի Արմավիրի մարզում, սակայն, ի տարբերություն նախկինում ունեցած 10 ռադիոլոկացիոն համակարգերի՝ այժմ կա 2-ը, եւ դա նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը: Բացի այդ կարկուտի ուժգնությունը կախված է կարկտաբեր ամպերի հզորությունից եւ առայժմ պայքարել հնարավոր է միայն առաջին աստիճանի կարկուտի դեմ:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց 2013 թ. կարկտահարությունից տուժած համայնքներին ոռոգման ջրի վարձի արտոնություններ սահմանելու վերաբերյալ ջրային կոմիտեի կատարած աշխատանքը: Անդրադառնալով ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին՝ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախատեսված է կատարել 1,3 միլիարդ դրամի աշխատանքներ. մաքրել եւ նորոգել ջրանցքները, պոմպակայանները, խորքային հորերը եւ ջրամբարները: Եվ ապրիլի 1-ին Արմավիրի մարզում արդեն ավարտված կլինեն նախապատրաստական աշխատանքները:

Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը եւ գարնանացանի նախապատրաստական միջոցառումներն Արմավիրի մարզում ներկայացրեց մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին 2013թ. կարկտահարության հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով խորհրդարանական լսումները, նշեց, թե քննարկումների արդյունքում պարզվեց, որ գյուղացիական տնտեսությունների վիճակը վատ չէ. կա բերքի իրացման խնդիր, կարկտահարության հետեւանքով տուժած համայնքների այս տարվա ոռոգման ջրի վարձավճարի խնդիրը, որոնք կարելի է լուծել: Ըստ ԱԺ նախագահի ՝ գյուղատնտեսությունը կարեւոր է մեր երկրի համար եւ պետք է օգնել գյուղացուն, որ ոտքի կանգնի: ԱԺ նախագահը նշեց, որ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, պատգամավորները պիտի շարունակեն այցելել գյուղական համայնքներ, կատարեն տրված խոստումները, լինեն հետեւողական: Նա նշեց, որ իր այցելությունները գյուղական համայնքներ նույնպես կկրեն շարունակական բնույթ եւ խոստացավ իրավիճակը ներկայացնել ՀՀ Նախագահին: 

← Վերադառնալ ցուցակին