Լուրեր

Վարչապետն այցելել է ոսկեգործական բնագավառի ազատ տնտեսական գոտու տարածք

01.03.2014

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանում «Էյ ջեյ էյ հոլդինգ» ընկերության տարածք, որտեղ ստեղծվում է մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է տարածքով՝ ծանոթացել առաջիկայում իրականացվելիք շինաշխատանքների ծրագրերին: Այնուհետև խորհրդակցության ընթացքում վարչապետին է ներկայացվել ազատ տնտեսական գոտու նախագիծը:
Նախատեսվում է ԱՏԳ-ում առաջին երեք տարիների ընթացքում ներգրավել 120-150 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 2 հազար նոր աշխատատեղեր և կապահովեն տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում: Մինչ 2015 թվականը տարածքի ձեռքբերման, հիմնանորոգման և գործարկման համար պահանջվող ներդրումները գնահատվել են 10.72 մլն դոլար: Նախատեսվում է, որ ԱՏԳ-ն կսկսի փուլային գործունեություն իրականացնել 2014 թվականից և լիովին կգործարկվի մինչև 2015 թ. վերջ:
ԱՏԳ հիմնանորոգված տարածքը կհասնի 32 հազար 400 քմ-ի, որից 12 հազար 750 քմ-ն կլինի արտադրական տարածք:
2013 թ. դրությամբ մոտ 10 հազար քմ տարածքն արդեն նախապես արմագրվել է ավելի քան 15 ոսկերչական ընկերությունների կողմից, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Լիբանանը, ԱՄԷ-ն և այլն:
Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիան և նրա նախագահ Գայետանո Կավալիերին անձամբ մեծ հետաքրքրվածություն և պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՈԿ ընկերություններ հայաստանյան ԱՏԳ ներգրավելու և արտադրություններ հիմնելու հարցում:
Ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով խթանել արտահանման ծավալների աճը, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը:
«Էյ ջեյ էյ» ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստում:

← Վերադառնալ ցուցակին