Լուրեր

Տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միության» տարեկան համաժողովը

01.03.2014

 2014 թ. ք.Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միության» տարեկան համաժողովը, որին մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ, միության անդամ դպրոցների տնօրեններ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, իր խոսքում նշել է, որ հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխումների առաջնորդող ուժն իրավամբ եղել են հենց դպրոցները, որտեղ այս տարիների ընթացքում քննարկվել են բազմաթիվ ծրագրեր, փորձագիտական քննություն են անցել դասագրքեր և այլն: Նախարարի տեղակալն իր գոհունակություն է հայտնել, որ միությունը կայացել է: Այն, ըստ Կարինե Հարությունյանի, ակտիվ գործունեություն է իրականացնում, փորձարկում բազմաթիվ նորարարություններ` հանրակրթության որակի բարձրացման նպատակով: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը խոսել է բարեփոխումների ընթացքի, դրանցում հասարակայնության ներգրավման և բազմաթիվ այլ խնդիրների մասին: «Դպրոց-կենտրոններ միության» նախագահ, Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ամփոփել է 2012-2013թթ միության իրականացրած աշխատանքները և ծրագրային ուղղությունները, ինչպես նաև ներկայացրել 2014թ. ծրագրային նոր ուղղությունները: Ընթերցվել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Երևանի քաղաքապետի ուղերձները: Միջոցառմանը ելույթ են ունեցել Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, Կրթության պետական տեսչության Վերլուծության և գնահատման բաժնի պետ Զարուհի Միքայելյանը: Նրանք ներկայացրին դպրոցի կրթական գործունեության նկատմամբ վերահսկողության, կրթական գործունեության ուսումնասիրության արդյունքների վերլուծության իրականացման արդյունավետ մեխանիզմները:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև միության կայքի շնորհանդեսը, ինչպես նաև ստորագրվել հուշագիր` «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամի միջև:Հուշագրով նախատեսված է կազմակերպել ուսանողների և ուսուցչական կազմի կատարելագործման ծրագրեր: Նախատեսվում է, որ կողմերը կկազմակերպեն մրցույթներ, դասընթացներ, ամառային տեղական և միջազգային ճամբարներ ՀՀ դպրոցների աշակերտների և UWC Դիլիջան դպրոցի ուսանողների համատեղ մասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին